Հուլիսին Հայաստանում գնաճի տեմպը որոշակիորեն թուլացել է: Եթե հունիսին 12-ամսյա գնաճը երկնիշ էր դարձել՝ 10.3 տոկոս, հուլիսին այն 9.3 տոկոս է իջել: Բարձր գնաճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի՝ 13.5, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի՝ 8.2, հագուստի և կոշիկի՝ 10.9 տոկոսանոց աճով: Մասնագետները գնաճի թուլացումը մի շարք գործոններով են պայմանավորում, առաջին հերթին՝ միրգ-բանջարեղենի գների նվազմամբ:
Նարեկ Կարապետյան (տնտեսագետ) - Բայց նաև կան էստեղ այլ գործոններ, առաջինը փոխարժեքի արժևորման գործոնը, որն աստիճանաբար արտահայտվում է մեր սպառողական շուկայի գների զարգացումներում, ինչպես նաև համաշխարհային գնաճի ճնշումների որոշակի թուլացում է նկատվում, վերջին 1-2 ամսվա ընթացքում որոշակիորեն սկսել է դանդաղել գնաճի տեմպերը:
Ընդհանուր առմամբ, մեր երկրում գնաճը բարձր է, սակայն համադրելի զարգացած երկրների հետ` եվրագոտու մի շարք պետություններում տևական ժամանակ երկնիշ գնաճ է, օրինակ՝ Լիտվայում՝ 21.5 տոկոս:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Համեմատությունը էս պահին հօգուտ մեր երկրի է, և համեմատած մյուս երկրների հետ՝ մենք ավելի բարվոք իրավիճակում ենք գտնվում, և նաև էս ուղղությամբ իրականացվող մեր դրամավարկային քաղաքականությունը ևս մեկ անգամ հույս է տալիս, որ մոտ ապագայում մենք էլ ավելի կբարելավենք մեր իրավիճակը, բայց ակնհայտ ա մի բան, որ 7 ամսվա արդյունքներով մենք գնաճի բավականին բարձր մակարդակ ունենք:
Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության ազդեցությունը գների վրա տեսանելի կլինի 1-2 տարվա ընթացքում: Իր հերթին գնաճը որոշակի սոցիալական խնդիրներ է նաև առաջ բերում:
Նարեկ Կարապետյան - Առանձին սոցիալական խմբերի համար գնաճը կարող է լուրջ մարտահրավեր լինել, չնայած երբ նայում ենք միջին ցուցանիշներին, օրինակ՝ միջին աշխատավարձի զարգացումներին, ապա միջին աշխատավարձի աճի տեմպը գերազանցում է գնաճի տեմպին, բայց էստեղ էլի խնդիրը կայանում է առանձին սոցիալական խմբերի մոտ իրենց եկամուտների և գնաճի տեմպերի համադրելիության հետ կապված:
Երբ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվում է՝ ներմուծողները շատ արագ արձագանքում են՝ գները բարձրացնելով, սակայն այս պահին, երբ էական արժևորում է տեղի ունեցել, գների իջեցման հարցում նույն արագությունը չեն դրսևորում՝ ընդգծում են մասնագետները:
Հայկ Բեջանյան - Թանկացմանը շատ հեշտ ա տնտեսվարողի կողմից արձագանքել, ի տարբերություն սրա, երբ որ արժույթի փոփոխության արդյունքում լինում ա էժանացում, տնտեսվարողները միշտ ավելի պահպանողական վարքագիծ են որդեգրում և սպասում են, թե երբ կլինի ավելի կայունացում շուկայում, որպեսզի իրենք կարողանան գնալ էդպիսի քայլերի:
Տնտեսագետները վստահ են՝ եթե ներկա միտումներն աշխարհում շարունակվեն, իսկ Կենտրոնական բանկը շարունակի խիստ քաղաքականությունը, հաջորդ տարի կհասնենք գնաճի 4 տոկոս թիրախային շեմին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան