Հիմնանորոգվում է միջպետական Մ11 և Մ14 ճանապարհները միմյանց կապող՝ Վարդենիսի ներհամայնքային նշանակության Խաչիկ Ստեփանյան փողոցը: Աշխատանքներն իրականացվում են Կառավարության սուբվենցիոն ծրագրով:
Գևորգ Փոստոյան (շինարարական աշխատանքների ղեկավար) - Ճանապարհն ունի 697 մ երկարություն: Կատարում ենք հարթեցում, ավազակոպիճի տեղադրում, խճային շերտի տեղադրում, բազալտե բորդյուրների տեղադրում մայթերի համար: Աշխատանքների 60%-ը կատարված է: Մոտավորապես մի 20 օր հետո կավարտենք: Նախագծով նախատեսված է մայթերին մանրահատիկ ասֆալտբետոն՝ 3 սմ հաստությամբ:
Շուրջ 77 մլն դրամ է պահանջվել 15 գյուղական բնակավայրերը Վարդենիս քաղաքին կապող ճանապարհի հիմնանորոգման համար: 60%-ը համայնքի ներդրումն է, 40-ը՝ Կառավարության:
Կարեն Մկրտչյան (Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ) - Էս հարակից փողոցով մուտքը դեպի Վարդենիսի գլխավոր հիվանդանոց: Էն ժամանակ ճանապարհը գտնվում էր ոչ բարվոք վիճակում, և մարդիկ շրջանցում էին, ավելի երկար ճանապարհով էին մուտք գործում հիվանդանոց: Էս ճանապարհն էդ առումով մեծ նշանակություն ունի, որպեսզի ավելի հեշտ ու շուտ ժողովրդին հասանելի լինի հիվանդանոցը: Ինչո՞ւ չէ, տեսնում եք՝ քանի բազմաբնակարան շենքեր կան: Մենք մայթ չունեինք, ահավոր վիճակում էր գտնվում: Էսօր ծրագրի շրջանակներում մենք կունենանք բարեկարգված, հիմնովին վերանորոգված մայթ և ճանապարհ:
Այս տարվա սուբվենցիոն ծրագրերով Վարդենիս համայնքում հիմնանորոգվում են նաև 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ: Ծրագրի արժեքը 88 մլն դրամ է, 60%-ը դարձյալ համայնքի ներդրումն է: Նախատեսվում է Կառավարության աջակցությամբ իրականացնել նաև բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգում: Ծրագիրն արդեն նախագծման փուլում է:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան