Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Քաջարան: Չկա շաբաթ, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները չփաստեն, որ այս քաղաքների օդում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հայաստանում խնդիրը նոր չէ: Գլխավոր դատախազությունն էլ դեռ նախորդ ամիս արձանագրել էր, որ Երևանում և հանրապետության մյուս խոշոր քաղաքներում վերջին 5 տարում փոշու և ազոտի երկօքսիդի աճման միտում է նկատվում:
Գայանե Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Հիմնական աղտոտիչներ գոյություն ունեն, և մեծ մասն ընկնում է շինարարությանը, արդյունաբերությանը, հատկապես ոչ մետաղական հանքերի գերագործմանը, ավտոտրանսպորտին, ավտովայրերի բաց այրմանը, տնային տնտեսություններ և էներգետիկ՝ հիմնականում գազի այրման հետևանքով:
Մայրաքաղաքի տարբեր հատվածներ են: Երևանում 300-ից ավելի բազմաբնակարան շենք է կառուցվում, զուգահեռ մայրաքաղաքում ու շրջակայքում 20-ից ավելի բաց հանք է գործում: Շրջակա միջավայրին հասցված վնասն էլ միլիոնավոր դրամների է հասնում: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մթնոլորտային օդի պահպանության վերահսկողության շրջանակում ստուգումներ է իրականացրել: Արդյունքում՝ առաջին կիսամյակում հայտնաբերվել է 13 խախտում, նշանակվել 1 մլն 450 հազար դրամ տուգանք: Խախտումների հետևանքով հասցված վնասը 3.5 մլն դրամի է հասել: Առանձին վարչական վարույթներ են իրականացվել, հայտնաբերվել՝ 42 իրավախախտում, նշանակվել է 2.5 մլն դրամ տուգանք:
Ամենաաղտոտված օդը Երևանում է: Մայրաքաղաքում մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկումները Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն իրականացնում է 5 անշարժ և 42 շարժական դիտակետերի միջոցով։ Սակայն այս սարքերը չեն ուսումնասիրում մարդու առողջության համար վտանգավոր փոշու մանր հատիկները, որոնք կարող են ներթափանցել նույնիսկ արյան մեջ: Կառավարությունը որոշել է վերազինել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Գայանե Գաբրիելյան - Այս տարի Կառավարությունը, բացի բնականոն ֆինանսական բյուջետավորումից, լրացուցիչ 200 մլն գումար է հատկացրել հենց ՊՈԱԿ-ին, հատկապես տեխնիկական վերազինման համար, գնում ենք ընդհանուր մոնիթորինգային ցանցի ստեղծման:
Օդի աղտոտվածության խնդիրն այնքան է սրվել, որ շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Սա նաև բխում է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի պահանջներից: Զուգահեռ փոփոխություններ կարվեն նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Հարկային օրենսգրքերում: Փաթեթը գործադիրը հաստատել է:
Գայանե Գաբրիելյան - Մենք 1994 թվականից հետո օրենքում փոփոխություններ չենք արել, նշանակում է՝ չենք խոսել դրա մասին, չենք խոսել մենք՝ Կառավարությունը, չի խոսել ԱԺ-ն, հետևաբար՝ նաև հասարակությունը:
Լրամշակված օրենքը ներդաշնակ կլինի աշխարհում ընդունված օդի որակի գնահատման չափանիշներին, փոխնախարարը մանրամասնում է, որ խստացվել են տուգանքները, օդի աղտոտվածության տվյալները կտրամադրվեն ավտոմատ և ամենօրյա ռեժիմով: Շրջակա միջավայրի նախարարությունն այս հարցում կարևորում է նաև համայնքների ակտիվ աշխատանքը:
Գայանե Գաբրիելյան - Համայնքները բոլորն ունեն բնապահպանական վարչություններ, եթե վերցնենք Երևանը, ունի բնապահպանության վարչություն, որը եթե շատ կոպիտ ասենք, ապա Երևան քաղաքի համար այդ ոլորտի նախարարությունն է:
Մայրաքաղաքի ամենաաղտոտված օդ Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում է: Քաղաքապետարանը օդի աղտոտվածությունը ստուգող ժամանակակից 5 սարք է տեղադրել, մի մասը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի սարքերի հարևանությամբ՝ հետագայում տվյալները համադրելու համար:
Գևորգ Նազարյան (Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչություն պետ) - Տեղադրել ենք օդի մոնիթորինգի սենսորներ, որոնք ժամանակակից տեխնոլոգիաներ են՝ արևային էներգիայի սնուցման պանելներով, ստուգում են ազոտի երկօքսիդի և փոշու մանր մասնիկները:
Քաղաքապետարանի պաշտոնյային չի զարմացնում, որ ամենաաղտոտված օդը մայրաքաղաքում է: Նազարյանը հիշեցնում է՝ ամենաշատ տրանսպորտային միջոցները Երևանում են, ու կա լայնածավալ շինարարություն:
Գևորգ Նազարյան - Փոշենստեցման աշխատանքներ են իրականացվում, որպեսզի կանխարգելենք այդ աղտոտումը, այսինքն՝ վաղ առավոտյան փողոցները ջրվում են, որքան հնարավոր է պետք է ընդլայնվեն կանաչ տարածքները, և կարողանանք դիմակայել, ֆիլտրի օդը:
Օդի մաքրման հարցում իշխանությունն առաջնային է համարում հանրային գիտակցումը՝ եթե հասարակությունը չմասնակցի գործընթացին, օրենքը կարող է թղթի վրա մնալ:
Հեղինակ՝ Անի Օհանյան