Հայաստանում մսի ծագումը հավաստող փաստաթղթերի հարցը շարունակում է խնդրահարույց լինել: Չնայած 90 սպանդանոցների առկայությանը՝ մարդիկ դեռ բակերում մորթ են իրականացնում, ինչը բարդացնում է մսամթերք արտադրող ընկերությունների աշխատանքը:
Արմեն Ջանվելյան (մսամթերք արտադրող ընկերության տնօրեն) - Էսօր սպանդանոցները շատ լուրջ խնդրի առաջ են կանգնած, ու արդեն նախադեպ կա, որ սպանդանոցներ փակվում են, իրենց գործունեությունը դադարեցնում են, որոշ սպանդանոցներ ծառայություններ չեն մատուցում, այլ սպանդ են կատարում մենակ իրենց համար, որովհետև մի կենդանի ձևական մորթելու համար տասնյակ կամ հարյուրավոր կենդանիներ էդ նույն ձևաթղթի տակ վաճառում են:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հավաստմամբ՝ իրենք ժամանակ առ ժամանակ պլանային ստուգումներ անում են, տուգանում ոչ սպանդանոցային ծագման մսեղիք վաճառող, այսինքն՝ 5-րդ ձև չունեցող տնտեսվարողներին: Առաջիկայում պատրաստվում են նաև փոփոխություններ կատարել փաստաթղթի տրամադրման կարգում, որպեսզի տնտեսվարողը հնարավորություն չունենա մեկ փաստաթուղթ ձեռք բերելով՝ օրեր շարունակ մսի վաճառք իրականացնել:
Գեորգի Ավետիսյան (ՀՀ ՍԱՏՄ ղեկավար) - Փորձում ենք նոր ծրագրավորումների միջոցով թարմացումներ իրականացնենք և հասկանանք, թե արդյոք մեր գնահատած ռիսկը տեղի՞ն է, և մենք շտկումներ անելուց հետո նորից և նորից փորձենք ծրագիրը արդիականացնել և հնարավորություն չտալ անբարեխիղճ տնտեսվարողներին պարզապես 5-րդ ձև տրամադրել, կամ 5-րդ ձևի կեղծման պրոցեսները կանգնացնենք:
Սպանդանոցների ղեկավարների խոսքով՝ ՍԱՏՄ-ի լիազորությունները բավարար չեն ամբողջ գործընթացը վերահսկելու, բակային մորթը կանխելու համար:
Արմեն Ջանվելյան - Նախարարը խոստացավ, որ լուրջ փոփոխություններ են լինելու, որ թե տեսչական մարմնի լիազորություններն են ուժեղանալու, թե 5-րդ ձևի էդ մի կենդանու տակ հարյուրավոր կենդանիներ վաճառելու խնդիրը նենց կդրվի, որ դա կարգելվի, որը որ շատ կարևոր կլինի սպանդանոցների հետագա աշխատանքները կարգավորելու:
Ջանվելյանի խոսքով՝ խնդրի լուծման համար շատ կարևոր է նաև սպառողների վարքագիծը: Յուրաքանչյուր գնորդ ինքը, առաջին հերթին իր անվտանգությունից ելնելով, պետք է ուշադիր լինի վաճառակետերում մսեղիք գնելիս. հետևի ժամկետներին և 5-րդ ձևի առկայությանը:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան