Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները վերադարձել են ՀնդկաստանիՉեննայ քաղաքից, որտեղ մասնակցում էին համաշխարհային 44-րդ օլիմպիադային:
Հիշեցնենք՝ տղամարդկանց հավաքականը հռչակվել է համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն, իսկ կանանց ընտրանին 16 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:
«Զվարթնոց» օդանավակայանում հայ շախմատիստներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը, շախմատիստների հարազատներն ու երկրպագուները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին՝ ընդգծելով, որ նրանք գերազանցել են բոլոր սպասելիքները. «Սա վերջին տարիների հայկական սպորտի ամենավառ սենսացիան էր ու անակնկալը: Լինելով լավատես մարդ՝ ես անկեղծորեն մտածում էի, որ եթե կարողանանք տեղ գտնել հնգյակում, շատ լավ արդյունք կլինի: Այդուհանդերձ, տղաներն ապացուցեցին, որ թիմում բոլորովին էլ պարտադիր չէ շատ վառ աստղի առկայությունը: Թիմը հաջողության է հասնում, երբ բոլոր անդամներն իրար զգում են, հասկանում են՝ ինչ են անում և միասին են գնում դեպի այդ հաջողությունը: Վերջին տուրն ամենագեղեցիկ ու վառ ապացույցն էր նրա, թե թիմն ինչպես պետք է խաղա: Պարզապես հիացած եմ: Հպարտանում եմ մեր թիմով ու շատ ոգևորված եմ»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ չնայած մենք երեք անգամ դարձել ենք շախմատային օլիմպիադաների հաղթող, այս հաջողությունն իսկապես պատմական է. «Երկարատև դադարից հետո վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում չգտնվող հավաքականն այսպիսի արդյունքի հասնելու համար պետք է իսկապես հրաշք գործեր: Վստահ եմ՝ մեր շախմատային և առհասարակ սպորտային ապագան շատ վառ է լինելու»:
Հայաստանի հավաքականի ավագ և գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը, մեկնաբանելով թիմի մասնակցությունը Հնդկաստանում անցկացված 44-րդ օլիմպիադային, նշել է՝ այս տարի մրցակցությունը բավականին մեծ է եղել. «Շատ լավ մասնակցություն ունեցանք: Դժվարանում եմ հիշել դեպք, որ այսքան միավորով թիմը գրավի երկրորդ տեղը։ Այս տարի մրցակցությունը շատ մեծ էր։ Գաբրիել Սարգսյանը հզոր խաղ ցուցադրեց, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ շատ լավ հանդես եկավ, շատ միավորներ պարգևեց թիմին»:
Հայաստանի հավաքականն առաջին անգամ էր հանդես գալիս Արման Փաշիկյանի գլխավորությամբ: Թիմը 19 միավոր է վաստակել և դարձել արծաթե մեդալակիր:
Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը: