Ղանթար՝ ջուր կրելու հարմարանք, գրեթե բոլոր բագարանցիների տներում կարելի է գտնել: Անջուր գյուղում պապենական այս գործիքը օգտագործում են հատկապես նրանք, ովքեր մեքենա չունեն, որ գյուղի միակ սառնորակ՝ Գորտի աղբյուր կոչվող վայրից դույլերով ջուրը տուն հասցնեն:
Էլմիրա Վարոսյան (Բագարան համայնքի բնակիչ) - Օրը 2-3 անգամ գնում ենք, ամեն օր:
Արմանուշ Մարգարյան (Բագարան համայնքի բնակիչ) - Հոգնենք-չհոգնենք՝ էս ա, բերենք, որ խմենք:
Սահմանամերձ Բագարանը 30 տարուց ավելի խմելու ջուր չունի: Նախորդ դարից ժառանգած ջրատար ներքին ցանցը քայքայվել, կոռոզիայի է ենթարկվել: Բագարանցիների միակ հույսը մնացել է գյուղի վերջնամասում գտնվող բնական աղբյուրը, որտեղից ջուր բերելու համար գյուղացիները օրը մի քանի անգամ 1 կմ-ից ավելի ճանապարհ են հաղթահարում:
Իշխան Գալոյան (Բագարան համայնքի վարչական ղեկավար) - Ամեն առավոտ մտածում ենք ջրի մասին, թե ով ջուրը կբերի: Ընտանիքի անդամներից մեկը պետք է լուծի:
Փայլակ Մարգարյանի գործը հեշտ է՝ ջուրը մեքենայով է տեղափոխում: Երբեմն հարևաններին էլ է օգնում, եթե դիմում են: Ասում է՝ լավ է՝ ոռոգման ջուրն էլ կա, օգնում է կենցաղում:
Փայլակ Մարգարյան (Բագարան համայնքի բնակիչ) - Ոռոգման ջուրն ենք անցկացրել տները, դրանով ենք լողանում, աման լվանում, բայց խմելու չի: Հիմա որ խմելուն էլ լինի՝ լավ կլինի:
Բագարանցիները հենց տներում շուտով մաքուր ջուր կունենան: Սուբվենցիոն ծրագրով գյուղում ջրատար համակարգ է կառուցվում: Ներքին ցանց ունենալու փորձ համայնքն արել է դեռ երկու տարի առաջ, բայց տեղական սուղ միջոցները թույլ չեն տվել մասնակցել սուբվենցիոն ծրագրին: Այս հնարավորությունը ստեղծվեց համայնքների խոշորացումից հետո: Պետություն-համայնք գործակցության արդյունքում Բագարանն առաջիկայում ջրամատակարարման ներքին ցանց, կարգավորիչ ջրամբար և էներգախնայող պոմպակայան կունենա:
Հովնան Ավետիսյան (Բաղրամյան համայնքի ղեկավարի խորհրդական) - Այս կողմում է, մի 100 մ հեռավորության վրա կուտակվում է ջուրը, պոմպով մղվում մագիստրալ, որի մոտ 30 տոկոսն արդեն կառուցվել է:
Աշոտ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ) - Կկառուցվի 7400 գծամետր խողովակաշար, կվերանորոգվի կարգավորիչ ջրամբարը, որը 24-ժամյա ջրամատակարարման հնարավորություն կտա ավելի քան 700 բնակիչ ունեցող համայնքին:
Համայնքը ծրագրին մասնակցում է 30 և պետության 70 տոկոս համաֆինանսավորմամբ: Նախատեսված է ջրատար խողովակները հասցնել մինչև տների մոտ: Մնացածը բնակիչները կշարունակեն:
Շանթ Առաքելյան (Բաղրամյան համայնքի ղեկավար) - Եթե բնակիչը չկարողանա իր ուժերով ջուրը մինչև իր տուն հասցնի, մենք կփորձենք օգնել: Մարդկանց հույսը, որ էս տարի պետք է ջուր ունենան՝ պատրաստ են ամեն ինչի;
Բագարանցիներին ասել են, որ մինչև տարեվերջ ծորակներից մաքուր ջուր կհոսի, իսկ ղանթարները, ի վերջո, պատմություն կդառնան: