Անկանխիկի մասով սկսում են ակտիվ վարչարարությունը՝ երկուշաբթի անակնկալ հայտարարեց ՊԵԿ-ը։ Հարկայինից բացատրում են՝ ստիպված են, որովհետև հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի պահանջը, այն է՝ կարողանալ նաև բանկային քարտով գործարք անել, ՀԴՄ օգտագործող 60 հազար տնտեսվարողի կեսը մինչև հիմա չի ապահովել։
Կարինե Մնացականյան (ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ) - Խոսքը վերաբերում է շուրջ 30 հազար հարկ վճարողների, որ դեռ չեն դիմել և POS տերմինալները դեռ չեն ակտիվացրել:
Նրանց Հարկայինն արդեն նամակ-ծանուցում է ուղարկել, որտեղ ասվում է՝ բացառությամբ կրպակների՝ պետք է բոլորն անկանխիկի հնարավորություն ունենան։ Ծառայությունն ակտիվացնելու համար եթե որևէ բանկում մինչև հիմա չեն հերթագրվել, դա գոնե ՊԵԿ-ի միջնորդությամբ ինտերնետով անեն։
Դիմումները ՊԵԿ-ը փոխանցելու է Կենտրոնական բանկին, նրանք էլ՝ առևտրայիններին: Թե վերջիններս ո՞ր հարկ վճարողի մոտ ե՞րբ կակտիվացնեն POS-ի ծառայությունը՝ առայժմ պարզ չէ։ Մինչև դա իր հսկողություն-վարչարարությունը Հարկայինն իրականացնում է համեմատաբար թանկ ապրանքներ վաճառող, ասենք՝ կահույքի կամ կենցաղային տեխնիկայի խանութների գործարքները հեռակա վերլուծելով։
Կարինե Մնացականյան - Ինչ գործարքներ են իրականացրել նախկինում, ինչ են անում հիմա, արդյոք չե՞ն մասնատում գործարքը, էդ ամբողջ գործիքակազմը հենց հիմա հարկայինում աշխատում են:
Կպատժվի՞, թե՞ ոչ Երևանի այս կամ այն հիվանդանոցը կամ կրթական հաստատությունը, որտեղ հուլիսի 1-ից պետք է վճարումները միմիայն անկանխիկ ընդունեին, տերմինալ դրել են, բայց, օրինակ՝ վիրահատության փողը կանխիկով է վերցրել՝ հարցին Կարինե ՄՆացականյանը պատասխանում է․ վեր հանված ռիսկերը հետո վարչական ակտի կարող են վերածվել կամ համալիր ստուգման ժամանակ, կամ հսկիչ-գնման։
Քաղաքացիների մասով․ տուն կամ մեքենա վաճառել-գնելու դեպքում, երբ գործարքի ծավալն ակնհայտորեն գերազանցում է 300 հազար դրամի շեմը և պետք է անկանխիկ արվի, բայց դոլարից դրամ, դրամից դոլար փոխանակումների ժամանակ գումարի կորուստը և, բանկային միջնորդավճարը հաշվի առնելով, մարդիկ փողն իրար կանխիկ են տալիս, կարող է տուգանվելու ռիսկ առաջանալ, քանի որ գործարքը գրանցող Կադաստրն ու ճանապարհային ոստիկանությունը ինֆորմացիան փոխանցում են Հարկայինին։
Կարինե Մնացականյան - Նախատեսված է նվազագույնը 100 հազար դրամ վարչական տուգանք:
Որևէ տուգանք ՊԵԿ-ն այս ընթացքում չի կիրառել, լինի բնակարան-մեքենա վաճառողի, թե դեռևս POS չտեղադրած հարկ վճարողի նկատմամբ՝ չնայած անկանխիկի պահանջի հետ Հարկային օրենսգիրքը լրացվել է։
Բիզնեսն ինչպես կընդունի անկանխիկի օրենքի պահանջների հսկողությունը՝ անորոշ է։ Հարկայինի կողմից վարչարարության ակտիվացմանը արձագանքել են POS տերմինալի դիմումներ ներկայացնելով։