ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը ժամանել է Կոնիա՝ մասնակցելու Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը։ Հանդիպումն անցկացվել է փակ դռների հետևում:
Զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում Անկարայի և Բաքվի միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային կապերի զարգացումը։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի, տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ռազմական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Էրդողանը հերթական անգամ վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին՝ Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումների հետ կապված:
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել է, որ Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը սպառնալիքի տակ է, քանի դեռ Ղրիմը Ռուսաստանի վերահսկողության տակ է: «Ռուսաստանի այս պատերազմը Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի դեմ սկսվել է Ղրիմում և պետք է ավարտվի Ղրիմում»,- ասել է Զելենսկին՝ շեշտելով, որ այսօր մեծ ուշադրություն է կենտրոնացված Ղրիմի վրա, և դա ճիշտ է: Զելենսկին ընդգծել է, որ թեև այսօր խոսքը թերակղզու ազատագրման կոնկրետ ժամկետների մասին չէ, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, մասնավորապես, Ղրիմի հարթակի շրջանակներում։
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽՆԴՐԵԼ Է ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ ՄԱԿ-Ի ԱԽ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Ռուսաստանը խնդրել է օգոստոսի 11-ին անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա Ուկրաինայի հարձակումների հետ՝ հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Ռուսաստանը խնդրել է, որ նիստին մասնակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ որպես զեկուցող: Ավելի վաղ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել էին ատոմակայանի տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը Ռուսաստանին կոչ է արել Ուկրաինային վերադարձնել Զապորոժիեի ԱԷԿ-ի լիակատար վերահսկողությունը:
ՆԱՏՕ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԱՇԻՆՔ. ԲԱՅԴԵՆ
Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է մնում անփոխարինելի դաշինք այսօրվա և վաղվա աշխարհի համար: «Այն ավելի միասնական է, քան երբևէ, շուտով Ֆինլանդիան և Շվեդիան նույնպես կհամալրեն դաշնակիցների շարքերը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: Բայդենի խոսքով՝ Ռուսաստանը «կործանեց խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում»՝ ներխուժելով Ուկրաինա։
«Պուտինը կարծում էր, որ կարող է մեզ պառակտել... Փոխարենը՝ նա ստացավ այն, ինչից խուսափում էր»,- ասել է Սպիտակ տան առաջնորդը: Օգոստոսի 4-ին ԱՄՆ Սենատը քվեարկել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու օգտին՝ դառնալով 23-րդը 30 երկրից, որոնք պաշտոնապես հաստատել են որոշումը:
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ՈՒԺԱՅԻՆ ՍՑԵՆԱՐԻՑ
Չինաստանը չի հրաժարվի ուժային սցենարից, եթե Թայվանի հետ խաղաղ վերամիավորումը ձախողվի, Պեկինն իրեն իրավունք է վերապահում պատասխանել կղզու անկախության կողմնակիցների և արտաքին ուժերի սադրանքներին՝ ասվում է Չինաստանի իշխանության հրապարակած Սպիտակ գրքում։ Նմանօրինակ փաստաթղթեր պարբերաբար հրապարակվում են՝ Պեկինի քաղաքականությունը տարբեր հարցերում պարզաբանելու համար:
«Թայվանի անկախության հասնելու փորձերը կղզին կմղեն միայն դեպի աղետի անդունդը և լուրջ վնաս կհասցնեն թայվանցի հայրենակիցներին: Չինացի ազգի, այդ թվում՝ թայվանցի հայրենակիցների ընդհանուր շահերը պաշտպանելու համար մենք պետք է վճռականորեն դեմ լինենք Թայվանի անջատմանը և անկախությանը և նպաստենք հայրենիքի խաղաղ վերամիավորմանը»,- նշված է փաստաթղթի տեքստում։