ԵՄ-ՈՒՄ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԾԽԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ
Ապրիլին ընդունված պատժամիջոցների հինգերորդ փաթեթի համաձայն՝ օգոստոսի 10-ից ԵՄ-ում ուժի մեջ է մտել ռուսական ածխի ներմուծման ամբողջական արգելքը. պայմանագրերի կատարման արտոնյալ ժամկետն ավարտվել է:
Եվրամիության խորհրդի տվյալների համաձայն՝ ռուսական ածխի ներմուծման արժեքը տարեկան կազմել է 8 միլիարդ եվրո: Այս պահին Ռուսաստանը ածխի արտահանման ծավալով աշխարհում երրորդ տեղում է, առաջին տեղում Ավստրալիան է, երկրորդում՝ Ինդոնեզիան։
Ռուսական ածխի ընդհանուր արտահանման մեջ ԵՄ երկրների մասնաբաժինը անցյալ տարի կազմել է 21,8%:
ԱՄՆ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական պաշտպանական տեխնիկա կտրամադրի այնքան, որքան անհրաժեշտ կլինի՝ Լատվիա կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Լլոյդ Օսթինը նշել է, որ Միացյալ Նահանգները զգալի օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի անվտանգությանը և դաշնակիցներ հետ միասին աշխատում է ռեսուրսներ գտնելու ուղղությամբ և շարունակում աջակցություն ցուցաբերել Կիևին: Նա հավելել է նաև, որ ԱՄՆ-ն կավելացնի իր ներկայությունը տարածաշրջանում և կակտիվացնի վարժանքները բալթյան դաշնակիցների հետ:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել էր, որ Արևմուտքի կողմից զենքի մատակարարումն Ուկրաինային միայն երկարացնում է հակամարտությունը՝ բազմապատկելով զոհերը։
G7 ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
G7 երկրների արտաքին գործերի նախարարները Ռուսաստանին կոչ են արել անհապաղ Կիևի վերահսկողությանը հանձնել Զապորոժիեի ատոմակայանը և Ուկրաինայի բոլոր միջուկային օբյեկտները։ G7-ի նախարարների համատեղ հայտարարությունն այսօր տարածել է Գերմանիայի ԱԳՆ-ն։
Նրանք շեշտել են, որ ատոմակայանի ուկրաինական անձնակազմը պետք է կարողանա իր խնդիրները կատարել առանց սպառնալիքների ու ճնշումների։ Նախարարները խստորեն դատապարտել են Մոսկվայի գործողությունները Ուկրաինայում և կոչ արել անհապաղ դուրս բերել զորքերը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններից և հարգել երկրի ինքնիշխանությունը:
ՂՐԻՄՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 13-Ի
Ղրիմի Նովոֆեոդորովկա շրջանի «Սակի» օդանավակայանի տարածքում ավիացիոն զինամթերքի պայթյուններից տուժածների թիվը հասել է 13-ի՝ հայտնել են Ղրիմի առողջապահական գերատեսչությունից:
Ավելի վաղ նշվել էր մեկ զոհի մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել էին, որ պայթյունների պատճառով ռազմական տեխնիկան չի վնասվել:
Սակիի շրջանային խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան իրավիճակը հանգիստ է, վնասված բնակելի տների հոսանքը վերականգնվել է: Մամուլում շրջանառվում է, որ պայթյունը ուկրաինական ուժերի հարվածների հետևանք է, մինչևդեռ պաշտոնական Մոսկվան պնդում է, որ պայթյունի հիմնական պատճառը հրդեհային անվտանգության պահանջների խախտումն է:
ՌԴ-Ն ՀԱՅՏՆԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսական կողմը հայտարարել է նաև Նիկոլաևի մարզում տեղակայված գերմանական արտադրության «Հեպարդ» տեսակի ՀՕՊ համակարգի ոչնչացման, ինչպես նաև ամերիկյան արտադրության HIMARS տեսակի հթրիռային համակարգերից արձակված յոթ արկերի խոցման մասին։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նշել է, որ «Հեպարդ» համակարգը ոչնչացվել է Նիկոլաևի մարզի Նովոպավլովկա բնակավայրի հարևանությամբ, իսկ HIMARS հթրիռները՝ Խերսոնի մարզի տարածքում: