Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի փոխչեմպիոնները Հայաստանում են: Հնդկաստանի Չենայ քաղաքում մեր հավաքականը, 11-րդ տուրում պարտության մատնելով Իսպանիայի ընտրանուն, միավորների քանակը հասցնելով 19-ի, միայն լրացուցիչ արդյունքներով զիջեց հաղթող ճանաչված Ուզբեկստանի հավաքականին և առաջին անգամ դարձավ Օլիմպիադայի փոխչեմպիոն։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը «Զվարթնոց» օդանավակայանում տղաներին շնորհավորեց ու հաղթանակը պատմական հաջողություն համարեց:
Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ես անկեղծորեն մտածում էի, որ եթե մենք 5-յակ մտնենք, շատ լավ կլինի, համարում էի դա շատ լուրջ արդյունք, բայց տղաներն ապացուցեցին, որ թիմում հեչ պարտադիր չէ շատ վառ աստղի առկայությունը: Թիմը հաջողության է հասնում, երբ օրգանապես զգում են միմյանց, երբ հասկանում են` ինչ են անում և թիմային գնում են դեպի այդ հաջողությանը:
Հայաստանը երեք անգամ՝ 2006, 2008 և 2012 թվականներին, դարձել է Օլիմպիադայի հաղթող, ևս երկու անգամ՝ 2002-ին և 2004-ին, կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Առաջին անգամ Հայաստանը համաշխարհային օլիմպիադային մասնակցեց առանց Լևոն Արոնյանի՝ նոր թիմով։
Մանուէլ Պետրոսյանն Ադրբեջանի հետ խաղն առանձնացրեց՝ նշելով, որ կարևոր էր պարտությունից հետո նման սկզբունքային հաղթանակը:
Մանուէլ Պետրոսյան (Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ) - Շատ կարևոր էր, որովհետև պարտություն էինք կրել, և թիմի հոգեբանական վիճակը կարող էր դրանից հետո այսպես ասած կոտրվել, բայց թիմն ավելի ուժեղ վերադարձավ և հաղթեց ամենակարևոր մրցակիցներից մեկին:
Արման Փաշիկյան (Շախմատի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ) - Նախկինում դժվարանում եմ հիշել դեպք, որ այսքան միավոր հավաքելով` թիմը գրավի երկրորդ տեղ, հիմնականում եղել են դեպքեր, որ ավելի քիչ միավորով դարձել են օլիմպիական չեմպիոն, իսկ այս տարի ուղղակի մրցակցությունը մեծ էր երեք թիմերի մեջ:
7-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանի հետ խաղում ԱՄՆ հավաքականի 4-րդ համարի ներքո հանդես եկող Սեմ Շենքլենդը սխալ թույլ տվեց, արդյունքում մերոնք կարողացան միավոր վաստակել։ Գաբրիել Սարգսյանի խոսքով՝ այդ խաղն առանձնահատուկ էր:
Գաբրիել Սարգսյան (Շախմատի Հայաստանի հավաքականի ավագ) - Ես կարծում եմ՝ Ռոբերտի ու Շանգլանդի պարտիան ընդհանրապես պատմության մեջ կմտնի, երկար տարիներ դրա մասին մարդիկ կխոսեն, դա իրականում շատ յուրահատուկ բան էր, այդպիսի բան ես չգիտեմ, չեմ հիշում:
Ոսկե մեդալը բաժին հասավ Ուզբեկստանին: Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 9 հաղթանակ: