Հանրապետությունում կորոնավիրուսային դեպքերի ակտիվացում է դիտվում, մինչդեռ ունենք պատվաստումային պասիվ իրավիճակ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից նշում են` հիվանդության ծանր դեպքերից ու հոսպիտալացումից խուսափելու համար անհրաժեշտ է դիմել տարածքային կամ ցանկացած այլ պոլիկլինիկա և պատվաստվել:
Սվետլանա Գրիգորյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ) - Աշնանը կանխատեսում ենք ցուցանիշների առավել աճ, և այս համատեքստում հատկապես կարևորվում է հիմա պատվաստվելը, որպեսզի աշնան ցուցանիշների ակտիվացմանը պաշտպանված լինենք:
Հանրապետությունում առաջին դեղաչափով պատվաստվել է չափահաս բնակչության մոտ 51, երկրորդով՝ մոտ 45 տոկոսը, բուստեր դեղաչափով՝ բնակչության ընդամենը երեք տոկոսը:
Սվետլանա Գրիգորյան - Հայաստանում ներկայումս առկա է «Փֆայզեր» պատվաստանյութը, «Սինոֆարմ» և որոշակի քանակություն՝ «Կրոնավակ» պատվաստանյութ՝ երկրորդ և հաջորդիվ դեղաչափերի համար:
Քաղաքացին խթանիչ դեղաչափով կարող է պատվաստվել, եթե վերջին պատվաստումից անցել է երեքից վեց ամիս: Շարժունակության խնդիրներ ունեցող քաղաքացիները կարող են դիմել բժշկին և պատվաստվել տնային պայմաններում: Մասնագետի խոսքով՝ պարբերաբար ի հայտ են գալիս քովիդի նոր ենթատեսակներ, շրջատիպեր:
Սվետլանա Գրիգորյան - ԱՀԿ-ն հրապարակել է իր դիրքորոշումը, որ ԱՀԿ-ի կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն ստացած բոլոր պատվաստանյութերը կարող են միմյանց փոխարինել: կարող են սկսել մի պատվաստանյութով, ավարտել այլ պատվաստանյութով, կամ առաջնակի պատվաստումներն իրականացնել մի պատվաստանյութով, հաջորդիվ բուստեր դեղափափերն ստանալ այլ պատվաստանյութով:
Համաճարակաբանն ընդգծում է՝ այս պահին բուստեր դեղաչափն ընդունելու պարտադրանք չկա, իսկ թե առաջիկայում սահմանափակումների առումով ինչ որոշում կկայացվի՝ կախված կլինի համաճարակային իրավիճակից: