Խոշորացված Վեդիի Ուրցաձոր և Շաղափ վարչական շրջաններում ոռոգման ջուրն այգի կմտնի նոր ջրագծերով: 2085 և 3400 մ երկարությամբ ոռոգման ցանցերը կառուցվել են Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի դրամաշնորհային ծրագրով:
Արմեն Եսոյան (ՀՀ ՇՄՆ ԲԾԻԳ ժամանակավոր պաշտոնակատար) - ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության ներուժի բարձրացմա ծրագրի շրջանակներում, Հարմարվողականության հիմնադրամի աջակցությամբ իրականացվել են մի քանի բաղադրիչով աշխատանքներ, որոնցից, թերևս, ուշագրավ աշխատանքներից մեկն է փակ համակարգով ոռոգման ջրային ցանցի կառուցումը:
Ոռոգման ցանցի կառուցմամբ ակնկալվում է, որ կհիմնվեն նոր այգիներ, կնվազեցվեն ջրի կորուստն ու հողերի դեգրադացիան:
Գարիկ Սարգսյան (Վեդի խոշորացված համայնքի ղեկավար) - Ամեն հողի մոտեցված է իր առանձին ծորակը և կարող է բացելու դեպքում արդեն ջուրը մատակարարվել իր հողամասին: Այսպես մենք կարողանում ենք նաև բերքատվությունը բարձրացնել, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների, ավելի նոր ցանքատարածությունների ավելացման խնդիրը լուծել:
Ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները մեկնարկել էին այս տարվա մարտին, ավարտվեցին օգոստոսի սկզբին: Աշխատանքային խումբը, համայնքի ղեկավարի ու գյուղացիների հետ, տեղում ծանոթանում են կատարված աշխատանքներին, գործարկում համակարգն ու քննարկում բարելավման հնարավորությունները:
Արմեն Եսոյան - Համայնքի բնակիչները, նպատակային և ողջամիտ օգտագործելով ջրային ռեսուրսները, կունենան ավելի կայուն, հարմարվողականությանը համապատասխան եկամտի աղբյուրներ, և դրան համապատասխան էլ կիրականացնեն պլանավորման աշխատանքները գյուղացիական տնտեսություններում:
Ոռոգման ցանցի շահառու է վարչական միավորների 150 տնտեսվարող, թեև այլ բնակիչներ ևս կարող են օգտվել:
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան