Այս հորան-հիդրանտից են փրկարարները միացրել ջուրն ու մարել կիրակի մայրաքաղաքում բռնկված խոշոր հրդեհը։ Կրակի դեմն առնելը շատ ավելի երկար ժամանակ կպահանջեր, եթե մոտիկ ջրաղբյուրը չլիներ՝ ստիպված լինեին մեքենաները քաղաքի խցանումներով ուրիշ տեղ լիցքավորման ուղարկել-հետ բերել, արձանագրում է ԱԻՆ-ի փոխգնդապետը։
Գարեգին Հակոբյան (ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փոխգնդապետ) - Հրդեհի ժամանակ օգտագործվել է մեկը 3,5 ջրատարողությամբ, մյուսը 10 տոննաjaնոց մեքենա, ընդհանուր հաշվով ծախսվել էր 22 տոննա ջուր:
Հիդրանտը քաղաքի խմելու ջրագծերի վրա տեղադրված հատուկ փական է․ այն կարող են բացել և օգտագործել, ընդ որում՝ անվճար, միայն և միայն հրշեջները։
Նման ջրաղբյուրները սովորաբար տեղադրված են մայրուղային գծերի վրա, որ ապահովեն վարկյանում առնվազն 10 լիտր ջուր։ Երբ արտակարգ իրավիճակ է, իսկ համակարգում ճնշում չկա՝ վակուումով են ջուրը քաշում։ 911-ի բոլոր մեքենաների վրա հիդրանտն աշխատեցնող հատուկ սարք կա։
Ռաֆիկ Վիլյան (ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի 3-րդ պահակախմբի օղակի հրամանատար) - Սա հանում ենք, տեղադրում ենք ջրաղբյուրի վրա, հրշեջ-սյունակը, մեքենան լիցքավորում ենք:
Նույնիսկ 10 տոննայանոց մեքենայի դեպքում, երբ թվում է՝ մեծածավալ բաքով մի քանի հրդեհ կարելի է մարել, հիդրանտը բացող սյունակ ունենալը, պարզվում է, պարտադիր է։
Հրշեջների պատրաստվածությանը հակառակ՝ Երևանում դեռ քիչ են աշխատող հիդրանտները։ ԱԻՆ-ի տված առաջնահերթ հասցեներով քաղաքապետարանն անցած տարվանից սկսել է հին՝ սովետից ժառանգած ցանցի նորոգումն ու նորերի կառուցումը։
Հարություն Հարությունյան (Երևանի քաղաքապետարանի քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ) - Մի քանի օր առաջ վերջացրել ենք երկրորդ փուլը՝ 52 հիդրանտով, ունենք շահող կազմակերպություն 3-րդ փուլի համար, մոտ օրերս կսկվի ևս 51-ի համար:
Մեկ հիդրանտը Երևանի բյուջեից մոտ 400 հազար դրամի ֆինանսավորում է պահանջում։ Բայց ծախսը հրատապներից է․ հրդեհները քաղաքում շատացել են, կառուցապատումը հատկապես կենտրոնում այնքան խիտ է՝ որոշ շենքերի 911-ի միանգամից մի քանի մեքենա մոտեցնելը գրեթե անհնար է, այնպես որ՝ լուծումը տարածքում հիդրանտ ունենալն է։ Ամեն նորոգվողի հետ թարմացվում է հրշեջներին դեպքի վայրում լիցքավորման առումով կողմնորոշող ծրագիրը՝ վստահեցնում է քաղաքապետարանի պատասխանատուն։
Հարություն Հարությունյան - Մոտ 600 հիդրանտի կեսից ավելին չէր աշխատում, հիմա մենք կհասնենք նրան, որ կապահովենք բոլորի աշխատունակությունը:
Եղած հիդրանտներին՝ ծրագրի չորրորդ փուլով ավելանալու են ամբողջությամբ նոր 97-ը։ Ո՞ր հասցեներում կլինեն՝ որոշվելու է ռիսկի գործոններով։ Նորակառույցների դեպքում պարտադիր պահանջ կա․ որպեսզի շենքի շահագործումը թույլատրվի, պետք է 200 մետր շառավղով հիդրանտ ունենա։