Կոմկուսի և Պետգույքի կառավարման կոմիտեի տարիների վեճը դեռ չի հանգուցալուծվել: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 2013-ին վարձակալության երկու պայմանագիր է կնքել՝ Երևանի Զաքյան 10 և Արշակունյաց 4 հասցեներում գործունեություն ծավալելու վերաբերյալ: Պետգույքի կառավարման կոմիտեի փոխնախագահի խոսքով՝ կոմունիստները սկզբում վճարել, ապա հրաժարվել են վճարել վարձը. գործը հասել է դատարան:
Գևորգ Բաբայան (ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ) - 2017 թվականին, երբ բավականին մեծ գումար է կուտակված եղել, պետական գույքի կառավարման վարչությունը այն ժամանակ դիմել է դատարան՝ գումարը բռնագանձելու և պայմանագիրը խզելու համար:
Գևորգ Բաբայանի խոսքով՝ հայցը բավարարվել է, վճիռը, սակայն, դեռ չի հրապարակվել: Կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի խոսքով՝ կուսակցությունն այստեղ գործում է 2000 թվականի հունիսից: Շրջանային կոմիտեներն էլ Բուզանդի փողոցում են տեղակայված. դրա հետ կապված վեճը քաղաքապետարանի հետ է:
Երջանիկ Ղազարյան (ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար) - Այո, չվճարումների համար. 70 տարի կառուցել ենք, մեր կառուցած շենքերը վերցրել են մեզնից, մինչև վերջ ենք գնալու, մինչև Եվրադատարան ենք գնալու, հասնենք արդարության:
Բաբայանի պնդմամբ՝ կոմունիստները չեն փորձել հաշտության եզրեր գտնել: Եթե գումարի խնդիր կար, ըստ կոմիտեի փոխնախագահի, կարող էին դիմել՝ խզելու պայմանագիրը, նորը կնքեին կամ անհատույց օգտագործման համար դիմեին: Բայց Գևորգ Բաբայանի խոսքով՝ մինչև հիմա խոսակցություն, հանդիպում չեն ունեցել:
Գևորգ Բաբայան - Տարանջատված մոտեցում չկա իրավական հարթությունում քաղաքական կուսակցություն են, թե ինչ-որ այլ գործունեություն ծավալող. ցանկացած վարձակալ, եթե գումարը չի վճարում, ապա դիմում ենք դատարան:
Այս պահին վարձակալական գումարները չվճարելու համար 100-ից ավելի դատական հայցեր ունեն: Ղազարյանը պնդում է՝ 90-ականներին հրահանգվել է՝ բոլոր շրջկոմներին կից կոմունիստական կուսակցությանը տրամադրել երկու սենյակ, նաև տեխնիկա, բայց առայսօր ոչինչ անվճար չի տրամադրվել, իրենք էլ հնարավորություն չեն ունեցել վճարելու:
Երջանիկ Ղազարյան - Էն ժամանակ պետական էր բոլորը, բայց կային նաև կոմունիստների անդամավճարների հաշվին կառուցված շենքեր, որոնք 30 տարի օգտագործում են, նաև վարձով են տրվում, վաճառված: Էսօր պահանջում են վճարել: Եթե էդ շենքերը մեզ վերադարձնեն, մենք պարտաճանաչ կվճարենք, պարտքի տակ չենք մնա: Մենք հնարավորությունը չունենք վճարելու:
Գևորգ Բաբայան - Երկու հասցեներ միասին շուրջ 260 հազար դրամ է եղել ամսական վարձավճարը, կուտակվել է մոտ 60 միլիոն դրամ, որը ենթակա է բռնագանձման:
Գործընթացը կարող է սկսվել միայն դատական վճռի հրապարակումից հետո: Պետգույքի կառավարման կոմիտեի փոխնախագահը կրկնում է՝ մինչև հայց ներկայացնելը գրավոր, բանավոր հորդորել են կոմկուսին վճարել կամ խզել պայմանագիրը, սակայն արձագանք չի եղել, ստիպված դիմել են դատարան: Ըստ Բաբայանի՝ պետական մարմինները մասնավորից տարածքներ են վարձակալում. այսօր խնդիր է պետգույքի արդյունավետ կառավարման հարցը, որն ամրագրվել է ոլորտի բարեփոխումների ռազմավարությունում: Ի դեպ, փաստաթղթով նախատեսվում է բարելավել նաև գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման գործող կարգավորումները: