ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ՀՈՐԱՏՈՂ ՆԱՎ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ
Թուրքիան երկամյա ընդմիջումից հետո օգոստոսի 9-ին վերսկսել է Միջերկրական ծովի արևելյան մասում ածխաջրածինների հորատման գործողությունները՝ հայտնել է Reuters-ը:
Նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի «Աբդուլհամիդ Խան» հորատման չորրորդ նավն աշխատելու է Անթալիայի հարավային ափամերձ նահանգի Գազիփաշա շրջանից 55 կմ հեռու։
«Ուսումնասիրությունն ու հորատման աշխատանքները, որոնք մենք իրականացնում ենք Միջերկրական ծովում, գտնվում են մեր ինքնիշխան տարածքում։ Դրանց համար մենք չպետք է ստանանք որևէ մեկի թույլտվությունը կամ համաձայնությունը»,- ասել է Էրդողանը:
Հորատման մեկնարկը տեղի է ունենում Թուրքիայի ու Հունաստանի լարվածության աճի պայմաններում. Էրդողանն Աթենքին մեղադրել է Էգեյան ծովի ապառազմականացված կարգավիճակ ունեցող կղզիները զինելու համար: Աթենքը հերքել է մեղադրանքները:
ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Վիեննայում երկուշաբթի ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախագծի շուրջ բանակցությունները, հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության բարձրաստիճան աղբյուրը:
Համաձայնության տեքստը պատրաստ է, այժմ բանակցությունների կողմերը պետք է իրենց մոտեցումը հայտնեն դրա վերաբերյալ:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Վիեննայի բանակցությունների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի պատվիրակությունը կառուցողական առաջարկներ է ներկայացրել, նաև պատասխանել է Էնրիկե Մորայի առաջարկներին: Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ վերջնական համաձայնությունը պետք է երաշխավորի Իրանի ժողովրդի իրավունքներն ու պատժամիջոցների կայուն վերացումը:
Բորելն իր հերթին դրական է գնահատել բանակցությունները:
ԵԹԵ ԿԻԵՎՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԻ «ԲԱՅՐԱՔԹԱՐԻ» ԳՈՐԾԱՐԱՆ, ԿԴԱՌՆԱ ԹԻՐԱԽ
Եթե Ուկրաինայում կառուցվի թուրքական «Բայրաքթար» անօդաչուների արտադրության գործարան, այն անմիջապես կհայտնվի ապառազմականացման թիրախում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման օբյեկտի ստեղծումը միայն կերկարաձգի ուկրաինացիների տառապանքները, բայց չի օգնի խուսափել հատուկ ռազմական գործողության նպատակներից»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների գործարան կառուցելու մտադրությունը:
ԵՄ-ՈՒՄ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՎԻԶԱ ՉՏՐԱՄԱԴՐԵԼ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Էստոնիայի վարչապետ Կայա Կալասն անհրաժեշտ է համարում արգելել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաներ տրամադրել՝ Եվրամիության երկրներ այցելելու համար: Նա նաև հայտարարել է, որ Եվրոպա այցելելն «արտոնություն է»:
Ավելի վաղ Ֆինլանդիայի արտգործնախարարությունից հայտարարել էին, որ Հելսինկին կարող է միջոցներ ձեռնարկել, եթե ռուսաստանցիները զանգվածաբար այցելեն երկիր Շենգենյան վիզաներով: Վարչապետ Սաննա Մարինը ևս պաշտպանել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ սահմանափակումները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ էր արել սահմանափակել ռուսաստանցիների տեղաշարժը:
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Կայա Կալասի հայտարարությունը «նացիստական» է անվանել, իսկ Զելենսկու խոսքը համեմատել է Ադոլֆ Հիտլերի գաղափարների հետ։
Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը նշել է, որ ԵՄ վիզային օրենսգիրքը չի պարունակում կարճաժամկետ վիզաների տրամադրման դադարեցման հնարավորություն, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների համար, սակայն Միության յուրաքանչյուր երկիր կարող է որոշումներ կայացնել առանձին դեպքերի վերաբերյալ:
ԱՄՆ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԵՎՍ 1 ՄԼՐԴ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ
ԱՄՆ-ն Ուկրաինային 1 մլրդ դոլար ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում՝ հայտնել են Պենտագոնից: Նշվում է, որ դա Վաշինգտոնի ռազմական օգնության խոշորագույն փաթեթն է Կիևին:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության տվյալով՝ փաթեթում կներառվեն HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և NASAMS շարժական զենիթային հրթիռային համալիրների համար զինամթերք, 1000 հակատանկային Javelin համալիրներ, այլ զենք ու զինամթերք: Նոր փաթեթը հաշվի առնելով՝ Կիևին ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 9,8 մլրդ դոլար: