Մինասյանների ընտանիքը հրդեհի պահին բնակարանում չի եղել, հարևաններից է լսել: Դեպքի վայր հասած հրշեջ փրկարարները 85 բնակչի են տարհանել: Նրանցից 9-ը, այդ թվում՝ 4 երեխա, ծխահարվել, հիվանդանոց են տեղափոխվել, ամբուլատոր զննությունից հետո դուրս են գրվել:
Արա Սահակյան (ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հերթափոխի պետ) - ԱԻՆ երկու աշխատակից էլ են տեղափոխվել հիվանդանոց և, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Սա արդեն հրդեհաշիջման կադրերն են: Հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենա:
Մարտին Ասլանյան (ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ) - Ըստ նախնական տեղեկության՝ դա եղել է հոսանքների մալուխների հորանից: Վերելակների հետ կապված՝ պետք է ասեմ, որ դրանք գրանցված չեն ԱԻՆ արտադրական վտանգավորության ռեեստրում և չեն ենթարկվել տարեկան պարտադիր փորձաքննության:
Այս շենքի վերելակների գրանցված չլինելը, պարզվում է, միակ խնդիրը չէ. բնակիչների խոսքով՝ նորակառույցը մինչև հիմա ավարտական ակտ չունի. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին՝ շենքի շահագործման թույլտվություն ստանալու համար կառուցապատողը մինչև օրս չի դիմել տեսչականին: Շենքը չունի նաև վերելակների հետ կապված հակահրդեհային անվտանգության թույլտվություն: Բազմաբնակարանի հարյուրավոր բնակիչներ անգամ ՀԷՑ-ի բաժանորդ չեն, օգտագործում են կառուցապատողի էլեկտրաէներգիան: Շենքի կառուցապատողը, ըստ բնակիչների, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանի «Հայկարշին» ընկերությունն է:
2022-ի ընթացքում Հայաստանում բնակելի շենքերում հրդեհի 131 դեպք է գրանցվել, առանձնատներում՝ 282: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տվյալով՝ այս թվերը նախորդ տարվա համեմատ, զգալիորեն նվազել են՝ ինչպես բնակարանների, այնպես էլ խոտածածկ տարածքների:
Արսեն Մկրտչյան (ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ) - 2022-ի առաջին կիսամյակում գրանցվել է 2879 հրդեհ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1026-ով նվազել է: Բոլոր դասերում նվազել է նկատելի խոտածածկ տարածքներում:
Հրդեհների թվի նվազման հետ, սակայն, ավելացել է հրդեհների պատճառով դժբախտ դեպքերի թիվը՝ այս տարի 16 մարդ է մահացել, տուժել 37 քաղաքացի:
Արսեն Մկրտչյան - Նախորդ տարի մահվան դեպքերը 5-ն էին, տուժել էր 30 քաղաքացի:
Քննչական կոմիտեից հայտնեցին՝ նյութեր են նախապատրաստվում, իսկ թե ով պետք է փոխհատուցի բնակիչներին, եթե շենքը ավարտական ակտ չունի, ճակատագիրը օդում կախված է մնում: