Գյումրու մարզամշակութային կենտրոնում մեկնարկել է Gyumri open շախմատի միջազգային մրցաշարը: Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Արդեն երկրորդ անգամ անցկացվող այս միջոցառմանը իրենց մասնակցությունն են բերել 9-ը երկրի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի Դաշնության, Ինդոնեզիայի, Իսպանիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիբանանի, Հնդկաստանի, ինչպես նաև ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող 211 շախմատիստներ։
Մրցաշարը անց է կացվում երկու տարիքային խմբերում։
Առաջին՝ «Ա» խմբում պայքարում են ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող 73 շախմատիստ, այդ թվում՝ ՖԻԴԵ-ի միջազգային վարպետներ, վարպետներ ու սպորտի վարպետներ։
Երկրորդ՝ «Բ» խմբում ընդգրկված են մինչև 12 տարեկան 138 պատանի շախմատիստներ:
Մրցումները անցկացվում են շվեյցարական մրցակարգով՝ 9-ը տուրից։
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը երկու միլիոն դրամ է։
Միջոցառման ընթացքում` օգոստոսի 10-ին և 13-ին կանցկացվեն նաև բլից մրցաշարեր։
Մրցումները կեզրափակվեն օգոստոսի 16-ին»,- նշված է գրառման մեջ։