Վիեննայում երկուշաբթի ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախագծի շուրջ բանակցությունները՝ հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության բարձրաստիճան աղբյուրը:
Համաձայնության տեքստը պատրաստ է, այժմ բանակցությունների կողմերը պետք է իրենք մոտեցումը հայտնեն դրա վերաբերյալ:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Վիեննայի բանակցությունների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հետ:
Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի պատվիրակությունը կառուցողական առաջարկներ է ներկայացրել, նաև պատասխանել է Էնրիկե Մորայի առաջարկներին: Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ վերջնական համաձայնությունը պետք է երաշխավորի Իրանի ժողովրդի իրավունքներն ու պատժամիջոցների կայուն վերացումը:
Բորելն իր հերթին դրական է գնահատել բանակցությունները: