Թուրքիան երկամյա ընդմիջումից հետո օգոստոսի 9-ին վերսկսել է Միջերկրական ծովի արևելյան մասում ածխաջրածինների հորատման գործողությունները՝ հայտնել է Reuters-ը:
Նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի «Աբդուլհամիդ Խան» չորրորդ հորատման նավն աշխատելու է Անթալիայի հարավային ափամերձ նահանգի Գազիփաշա շրջանից 55 կմ հեռու։
«Ուսումնասիրությունն ու հորատման աշխատանքները, որոնք մենք իրականացնում ենք Միջերկրական ծովում, գտնվում են մեր ինքնիշխան տարածքում։ Դրանց համար մենք չպետք է ստանանք որևէ մեկի թույլտվությունը կամ համաձայնությունը»,- ասել է Էրդողանը:
Հորատման մեկնարկը տեղի է ունենում Թուրքիայի ու Հունաստանի լարվածության աճի պայմաններում. Էրդողանն Աթենքին մեղադրել է Էգեյան ծովի ապառազմականացված կարգավիճակ ունեցող կղզիները զինելու համար: Աթենքը հերքել է մեղադրանքները: