Էստոնիայի վարչապետ Կայա Կալասն անհրաժեշտ է համարում արգելել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաներ տրամադրել Եվրամիության երկրներ այցելելու համար: Նա նաև հայտարարել է, որ Եվրոպա այցելելն «արտոնություն է»:
Ավելի վաղ Ֆինլանդիայի արտգործնախարարությունից հայտարարել էին, որ Հելսինկին կարող է միջոցներ ձեռնարկել, եթե ռուսաստանցիները զանգվածաբար այցելեն երկիր Շենգենյան վիզաներով: Վարչապետ Սաննա Մարինը ևս պաշտպանել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ սահմանափակումները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ էր արել սահմանափակել ռուսաստանցիների տեղաշարժը:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Կայա Կալասի հայտարարությունը «նացիստական» է անվանել, իսկ Զելենսկու խոսքերը համեմատել է Ադոլֆ Հիտլերի գաղափարների հետ։
Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը նշել է, որ ԵՄ վիզային օրենսգիրքը չի պարունակում կարճաժամկետ վիզաների տրամադրման դադարեցման հնարավորություն, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների համար, սակայն Միության յուրաքանչյուր երկիր կարող է որոշումներ կայացնել առանձին դեպքերի վերաբերյալ: