Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ նվաճած տղաներն են: Գիտության այս ճյուղի նկատմամբ այսօր նույն հետաքրքրություններն ունեն, բայց տարիներ առաջ մաթեմատիկան ընտրելու յուրաքանչյուրի պատմությունը տարբեր է:
Վահե Կարագուլյան (Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայի ոսկե մեդալակիր) - Փոքր տարիքից էլ հայրս ինձ տրամաբանական խնդիրներ էր տալիս ու դրանց վրա երկար մտածում էի, հետո էլ ընդունվեցի ֆիզմաթ դպրոց ու այնտեղից սկսվեց օլիմպիադաներին մասնակցելը ու արդեն ինչ-որ հաջողություններ ունենալը հետագայում:
Արման Ֆահրադյան (Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայի արծաթե մեդալակիր) - Մինչև ֆիզմաթ ընդունվելը առարկաներից ամենաշատը մաթեմատիկան էի սիրում: Բացի դրանից, նաև եղբայրս է խորհուրդ տվել, որովհետև իր տարիքայինները, որոնք ֆիզմաթն էին ավարտել, համալսարանում էլ լավ արդյունքներ էին ցույց տալիս, հաջողությունների էին հասնում:
Բուլղարիայում օգոստոսի 1-7-ը կայացած օլիմպիադային Հայաստանի թիմը մասնակցել է 6 հոգով, նվաճել 3 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Գագիկ Մելքումյանի համար այս օլիմպիադան առաջինն էր, 2-րդ հորիզոնականից գոհ է, բայց ավելին է ակնկալում:
Գագիկ Մելքումյան (Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայի արծաթե մեդալակիր) - Հաջորդ տարվա վրա ես արդեն ավելի շատ փորձ կունենամ: Սա իմ առաջին օլիմպիադան էր երկրից դուրս: Հույս ունեմ, որ հաջորդ տարի ոսկի կլինի:
Թիմի ավելի փորձառու անդամները կա՛մ գերազանցել, կա՛մ կրկնել են իրենց լավագույն արդյունքը: Ոսկե մեդալի արժանացած Վահեն ասում է՝ առավել ինքնավստահ է մասնակցել մրցաշարին, երկրորդ անգամ արծաթե մեդալ նվաճած Արմանն էլ արդյունքից գոհ չէ, ոսկե մեդալի նպատակ ունի:
Վահե Կարագուլյան - Միշտ լարված եմ մասնակցել օլիմպիադաներին: Երևի, այս տարի միակ տարին էր, որ մի քիչ ավելի թեթև մոտեցա:
Արման Ֆահրադյան - Իմ կարծիքով՝ ամենալավ արդյունքը չէ, որ կարող էի ցույց տալ, կփորձեմ մյուս տարի ավելի լավ արդյունք ցույց տալ:
Օլիմպիական հավաքականը ղեկավարել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը: Թիմային հաշվարկում աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմերի մեջ 10-յակում հայտնվելը գոհացուցիչ արդյունք է համարում:
Կարեն Քեռյան (ԲՈԿ նախագահ) - Մինչև 2015 թվականը թիմային հաշվարկում մենք առաջին 20-յակում չէինք մտնում, իսկ 2016-ից ի վեր 20-յակում ենք բոլոր տարիները եղել, տասնյակում էլ ենք ընդգրկվել մի քանի անգամ, մի անգամ էլ 4-րդ տեղ ենք գրավել թիմային հաշվարկում:
Մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրություն կա թե՛ ուսանողների, թե՛ աշակերտների շրջանում՝ նկատում է Քեռյանը: Կարևոր խնդիր է համարում գիտությամբ զբաղվողների համար Հայաստանում գործելու պայմանները զարգացնելը:
Կարեն Քեռյան - Այնպես անել, որ էն մարդիկ, ովքեր լավ կարողություններ ունեն մաթեմատիկայում լավ առաջընթաց ունենալու, նաև մաթեմատիկայում զարգանալու հնարավորություններ ունենան գիտական տեսանկյունից: Կարողանան նաև կապի մեջ լինել աշխարհում այլ գիտնականների հետ, որովհետև պարփակված լինելով՝ չես կարող լավ, հետաքրքիր արդյունքների հասնել:
29-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան թեև անհատական պայքար էր ենթադրում, բայց Հայաստանը ներկայացնող 6 ուսանողի միջև նաև թիմային մթնոլորտ է ձևավորվել: Մաթեմատիկայի շուրջ համախմբված տարբեր տարիքի տղաները հասցրել են ավելի լավ ճանաչել միմյանց:
Վահան Մարտիրոսյան (Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայի ոսկե մեդալակիր) - Այդ օրերին մեր թիմում լավ մոտիկացանք իրար հետ, ու շատ հաճելի էր մասնակցելը, էդ թիմային ոգին կար:
Հայաստանի թիմի համար 29-րդ օլիմպիադան արդեն անցյալում է: Տղաներն այսօրվանից պատրաստվում են նոր բարձունքների նվաճմանը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան