«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն օգոստոսի 8-ին «Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակում հյուրընկալել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին և Իլինոյսի Ուրբանա-Շամփեյն համալսարանի Վ. Գրաֆտոնի և Լիլիան Բ․Վիլկինսի անվան մեխանիկայի և ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանին։ Այս մասին Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հանդիպման ժամանակ Նաիրա Հովակիմյանը ներկայացրեց իր պատկերացումները Հայաստանում գիտության զարգացման մասին: Նրա խոսքով՝ Հայաստանի վերածննդի համար պետք է երիտասարդ գիտնականների ներգաղթ կազմակերպել: Ռեսուրսները ճիշտ կազմակերպելու դեպքում նրանք կգան և կփոխեն գիտության նկատմամբ մեր մշակույթը: Նրանք այն երիտասարդ մասնագետներն են, որոնք գիտությամբ զբաղվում են մեծ վճռականությամբ:
Այս համատեքստում քննարկել ենք հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Պրոֆեսոր Հովակիմյանը հայտնեց, որ արդեն կան երիտասարդ ու պրոֆեսիոնալ գիտնականներ, որոնք պատրաստակամություն են հայտնել վերադառնալ հայրենիք ու այստեղ գիտությամբ զբաղվել:
Հայաստանում մրցունակ ու մարտունակ պրոֆեսորիատ ունենալու դեպքում կկարողանանք դիմակայել ու հաղթահարել մի շարք մարտահրավերներ: Դրա համար պետք է ճիշտ առաջարկներ կազմակերպել ու մրցունակ ծրագրեր իրականացնել:
Ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանում ՀՀ կառավարությունը գիտությանը հատկացվող բյուջեն ավելացրել է ավելի քան 80 տոկոսով, գիտաշխատողների աշխատավարձերը՝ զգալիորեն բարձրացվել: Գիտության զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն»,- գրել է նա: