Սրտամկանի սուր ինֆարկտից մահվան դեպքերը վերջին տարիներին նվազել են: Եթե 2015 թվականին սրտամկանի սուր ինֆարկտից մահացությունը կազմել է 8.4 տոկոս, ապա 2021-ին՝ 3.9: Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ցուցանիշի նվազմանը նպաստել են սիրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները:
2015-ից պետությունն անվճար իրականացնում է սրտի անհետաձգելի վիրահատությունների՝ Stant for life՝ կյանքեր փրկող ծրագիրը, որը 2018-2019 թվականներին ընդլայնվել է:
Համլետ Հայրապետյան (ՀՀ ԱՆ խորհրդատու սրտաբանության գծով, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար) - 2018 թվականին ոչ դեղապատ ստենտը փոխարինվեց դեղապատ ստենտով, և ևս մեկ տարի անց ավելի ընդլայնվեց շահառուների ցուցակը, նաև թույլատրվեց անհետաձգելի ստենտավորում իրականացնել ոչ ST էլևացիա ունեցող հիվանդների մի մասին՝ պայմանավորված տվյալ զարկերակի առանձնահատկություններով:
Բժիշկն ընդգծում է՝ առօրյայում հաճախ քաղաքացիները պահանջում են անվճար ստենտի տեղադրում, բայց կոնկրետ այս ծրագրի դեպքում կան սահմանված բժշկական չափորոշիչներ:
Համլետ Հայրապետյան - Դա սրտամկանի էլևացիան է կամ գոտևորող զարկերակի ախտահարումը. բժշկական տերմիններ են, բայց ես ստիպված եմ ասել, որ իմանան՝ չափորոշիչներ կան, որ մենք պարտավոր ենք պահպանել: Հաջորդը՝ հիվանդության սկզբից մինչև հիվանդանոց մտնելը անցած լինի ոչ ավելի, քան 12 ժամ, և կան իրավիճակներ՝ բարդացած սրտամկանի ինֆարկտներ, երբ գործողության՝ թեկուզ անվճար գնալը ավելի մեծ վտանգ է ներկայացնում իրենից, քան չանելը:
Զուգահեռ դեղորայքային բուժում ևս իրականացվում է: Ծրագրի մեկնարկից մինչև հիմա մոտ 14 հազար ծառայություն է մատուցվել, այդքան քաղաքացու կյանք է փրկվել: Այս տարի հուլիսի 31-ի դրությամբ արդեն իրականացվել է 1427 վիրահատություն:
Լիանա Բարսեղյան (ՀՀ ԱՆ հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ) - Եթե ծրագրի մեկնարկին՝ 2015 թվականին, «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի բյուջեն կազմել է 950 մլն դրամ, ապա 2022-ի համար պետության կողմից նախատեսված է 1 մլրդ 650 մլն դրամ:
Ծրագիրն իրականացվում է 13 բուժհաստատությունում, որից՝ երեքը մարզային: