Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 8-րդ տուր պարտիաները։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի հետ և 2,5։1,5 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարել։ Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակ է տարել առաջին համար Գաբրիել Սարգսյանը՝ համառ պայքարում առավելության հասնելով Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ ու հաղթանակ պարգևելով մեր թիմին։ Հայաստանի հավաքականի կազմում Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։
8 տուրից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 միավոր։ Երկրորդ և երրորդ տեղերը 14-ական միավորով կիսում են Հնդկաստանի 2-րդ թիմն ու Ուզբեկստանի հավաքականը։
ԱՄՆ հավաքականը 16-րդ տեղում է՝ 12 միավորով։ Ամերիկացիներն այսօր մրցել են Հնդկաստանի երկրորդ թիմի հետ և անակնկալ պարտություն կրել 1։3 հաշվով։ Կարուանան զիջել է 16-ամյա Գուկեշին, հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել, Ուեսլի Սոն ևս ոչ-ոքի է խաղացել, իսկ Լեյնտեր Դոմինգեսը պարտվել է։
Հայաստանի կանանց հավաքականը 3,5։1,5 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին։
Մեր թիմի կազմում պարտություններ են կրել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը։ Միակ ոչ-ոքին խաղացել է Մարիամ Մկրտչյանը։
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության էր հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1), Անգլիայի (3,5:0,5), Իսրայելի (2,5:1,5) նկատմամբ և պարտվել էր Էստոնիային (1,5:2,5):
Զավեն Անդրիասյանի թիմը 11 միավոր ունի իր ակտիվում: