ԱՄՆ-Ը ԿՊԱՀՊԱՆԻ ՉԺՀ ՀԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ. ԲԼԻՆՔԵՆ
Միացյալ Նահանգները կպահպանի Չինաստանի հետ փոխգործակցության խողովակները Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին՝ խուսափելու կողմերի միջև հնարավոր սրացումից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Դիվանագետի խոսքով՝ տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցները մտահոգություն են հայտնել Չինաստանի գործողությունների կապակցությամբ. Թայվանի նեղուցում կայունություն պահպանելը բխում է բոլորի շահերից:
Չնայած դրան՝ Բլինքենի խոսքով, Պեկինը վերջին տարիներին դադարել է փորձել խաղաղ ճանապարհով լուծել Թայվանի հետ հակասությունները և անցել է հարկադրանքի:
Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ համագործակցության ութ մեխանիզմների ժամանակավոր դադարեցման կամ չեղարկման մասին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի պատճառով:
Այդ մեխանիզմներից են ԱՄՆ-ի հետ երկխոսությունը տարածաշրջանային ռազմական հրամանատարությունների մակարդակով, ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումները, ծովում անվտանգության ապահովման մեխանիզմները և այլն։
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ ԵՆ ԱՌԳՐԱՎՎԵԼ
Ուկրաինայում հարկադրաբար առգրավվել են 28 մլրդ գրիվնա կամ 750 մլն դոլար արժեքով ռուսական ակտիվներ։ Այդ մասին տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Խորհրդակցություն եմ անցկացրել պատժամիջոցների քաղաքականության, ռուսական ակտիվների առգրավման հարցով։ Այս աշխատանքը շարունակվում է։ Ռուսական պետությանը պատկանող ավելի քան 900 օբյեկտ առաջարկվել է առգրավել»,- ասել է նախագահը։
Զելենսկու խոսքով՝ այդ ամենը կուղղվի ռազմական գործողությունների հետևանքով Ուկրաինայի կրած վնասի փոխհատուցմանը:
ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Սոչիում անցկացրած հանդիպման ավարտին ընդունել են հայտարարություն: Նրանք հաստատել են ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման ընդհանուր կամքը` հիմնված հարգանքի, փոխադարձ հետաքրքրությունների վրա և իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան, նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Այդ շրջանակում երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են հետևյալի մասին.
Մատակարարվող ռուսական գազի համար Թուրքիան կսկսի վճարել ռուբլով: Հավասարակշռության հիմքով մեծացնել երկկողմ առևտրի ծավալը և հասնել դրված նպատակներին, տնտեսության ոլորտում ընդառաջ գնալ հակառակ կողմի սպասումներին, կոնկրետ քայլեր ձեռնարկել` նպատակ ունենալով ընդլայնել համագործակցությունը երկկողմ օրակարգում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, առևտուրը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ֆինանսները, տուրիզմն ու շինարարությունը:
Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով` առաջնորդներն ընդգծել են ՌԴ ու Թուրքիայի միջև բաց և վստահելի, անկեղծ հարաբերությունների նշանակությունը` միջազգային և տարածաշրջանային կայունության հասնելու համար: Նրանք միասնական աջակցություն են հայտնել Սիրիայի և Լիբիայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՄԻՋԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազայում, իսկ պաղեստինցի զինյալները շաբաթ օրը հրթիռներ են արձակել իսրայելական քաղաքների ուղղությամբ: Մարտերը շարունակվում են արդեն երկրորդ օրը՝ վերջ տալով սահմանի երկայնքով ավելի քան մեկ տարվա հարաբերական անդորրին:
Իսրայելն ուրբաթ հայտարարել է, որ հատուկ գործողություն է սկսել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» զինյալ խմբավորման դեմ: Գազայի բարձրահարկ շենքի վրա ցերեկային անսպասելի ավիահարվածի արդյունքում սպանվել է խմբավորման բարձրաստիճան հրամանատարներից մեկը:
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալով՝ իսրայելական հարվածներից զոհվել է ևս 9 պաղեստինցի, այդ թվում՝ առնվազն չորս «Իսլամական ջիհադի» գրոհային և մեկ երեխա, վիրավորվել՝ 79 մարդ:
Օկուպացված Արևմտյան ափում իսրայելական զինվորականները հայտարարել են, որ ձերբակալել են «Իսլամական ջիհադի» 19 գրոհայինի գիշերային ձերբակալությունների ժամանակ:
Պաղեստինցի զինյալները սահմանի վրայով արձակել են առնվազն 160 հրթիռ, որոնց մի մասն ընկել է Իսրայելի խորքում՝ Թել Ավիվի առևտրային կենտրոնի մոտ: Իսրայելի ՀՕՊ-ը որսացել է հրթիռների մեծ մասը, մի քանի մարդ թեթև վնասվածքներ է ստացել։
Լարվածությունը աճել է այս շաբաթ, երբ իսրայելական ուժերը Հորդանան գետի Արևմտյան ափում ձերբակալել են «Իսլամական ջիհադի» հրամանատարին՝ վրեժխնդրության սպառնալիքներ առաջացնելով խմբավորման կողմից:
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն ասել է, որ ուրբաթ օրվա հարվածները խափանել են «Իսլամական ջիհադի» անմիջական և կոնկրետ հարձակումը:
Սահմանին հիմնականում հանգիստ էր 2021 թվականի մայիսից, երբ Իսրայելի և զինյալների միջև 11 օր շարունակվող կատաղի մարտերի հետևանքով առնվազն 250 մարդ զոհվեց Գազայում, իսկ 13-ը՝ Իսրայելում: