Սոչիում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը: Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ բանակցությունները կարող են «նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում»։
Հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտնինն ընդգծել է «Թուրքական հոսք» նախաձեռնության կարևորության մասին։ ՌԴ ղեկավարը «Թուրքական հոսքն» անվանել է Եվրոպային Ռուսաստանից գազ մատակարարելու կարևորագույն զարկերակներից մեկը, ինչի համար, ըստ Պուտինի, տարածաշրջանի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Անկարային։
Կրեմլի ղեկավարը շեշտել է, որ Թուրքիան իր տարածքում սպառման համար մեծ քանակությամբ նավթ, գազ և ածուխ է ստանում Ռուսաստանից։ Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների հարցը լուծելու համար։ Նա հույս է հայտնել, որ կստորագրվի առևտրատնտեսական կապերի զարգացման հուշագիրը։
Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
«Թուրքիան ու Ռուսաստանը մեծ ներդրում են ունեցել իրադրության կարգավորման գործում»,- խոսելով Սիրիայի մասին՝ նշել է Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Թուրքիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա հարձակման կապակցությամբ։ Բայրամովը դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկացրել է թուրքական կողմին։ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել կատարվածի վերաբերյալ և դատապարտել տեղի ունեցածը։
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի արտգործնախարարություն, նրան փոխանցվել է Բաքվի վճռական բողոքը Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա ծայրահեղական ակտիվիստների հարձակման կապակցությամբ։
Նախօրեին կրոնական արմատական ակտիվիստները հարձակվել և շրջափակել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը: Նրանք ներխուժել են դեսպանության շենք և ավերածություններ գործել ներսում:
Հարձակվողներն իջեցրել են Ադրբեջանի դրոշը, իրենց դրոշներն ու կրոնական պաստառներ կախել: Ադրբեջանցի դիվանագետներին տարհանել են բրիտանական ոստիկանության աշխատակիցները: Իրավապահները կարողացել են շենք ներխուժած ակտիվիստներին դուրս հանել և ձերբակալել: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շիա կրոնական ակտիվիստները նման ակցիայով պատասխանել են Ադրբեջանի տարածքում շիա կրոնական գործիչների հանդեպ ճնշումներին:
Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները վերսկսվել են Վիեննայում: Իրանի ուշադրությունը կենտրոնացած է միջուկային գործարքից Իսլամական Հանրապետության տնտեսական օգուտների ապահովման վրա, հայտարարել է արտաքին գործերի նախարարը: Հոսեյն Ամիրաբդոլլահիանը նշել է, որ Իրանի բանակցային թիմի համար տնտեսական շահի ապահովումը, կարմիր գծերի ու խաղաղ միջուկային էներգիայի, գիտելիքի և տեխնոլոգիաների պահպանումը լուրջ ուշադրության կենտրոնում են:
Թեհրանը և Վաշինգտոնը պետք է «վերջին ջանքը գործադրեն»՝ փրկելու 2015 թվականի միջուկային համաձայնագիրը Վիեննայում վերսկսված բանակցություններում, հայտարարել է ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն: Նա նշել է, որ քաղաքական որոշումներ են անհրաժեշտ՝ փակուղուց դուրս գալու համար:
Ստանոն մանրամասնել է, որ ԵՄ-ն՝ որպես բանակցությունների համակարգող, անցյալ ամիս առաջարկել է տեքստի նոր նախագիծ, քանի որ, նրա խոսքով, լրացուցիչ մանևրելու հնարավորությունը սպառվել է։
Թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի գլխավոր դիվանագետը: Միջուկային գործարքը պետք է վերականգնվի սկզբնական տեսքով՝ հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ ՌԴ-ն պաշտպանում է Իրանի դիրքորոշումն այդ հարցում:
«Այդ պլանը պետք է վերականգնվի բացառապես այն տեսքով, ինչ տեսքով դրան հավանություն է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ առանց որևէ բացառության»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Լավրովի խոսքով՝ ամերիկյան կողմը փորձում է ձևափոխված պլանը նոր քննարկման առարկա դարձնել, իսկ իրանցիները պնդում են, որպեսզի ամեն ինչ լինի այնպես, ինչպես դրան հավանություն էր տրվել 2015 թվականին:
Եգիպտացորենով բեռնված ևս 3 բեռնանավ դուրս է եկել Օդեսայի մարզի նավահանգիստներից և ուղևորվել Ստամբուլ, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ ՄԱԿ-ից էլ տեղեկացրել են, որ համատեղ համակարգող կենտրոնը թույլ է տվել այդ նավերին ծով դուրս գալ այսօր:
Նավերը նախ զննություն կանցնեն Ստամբուլի համակարգող կենտրոնում, ապա կշարունակեն ճանապարհը տարբեր ուղղություններով․ դրանցից մեկը կշարունակի ճանապարհը դեպի թուրքական Կարասու քաղաք, 2-ը՝ բրիտանական և իռլանդական նավահանգիստներ։
Իսրայելի բանակը հայտնել է, որ սկսել է հատուկ գործողություն՝ ընդդեմ «Իսլամական ջիհադ» խմբավորման: Զինվորականները հարվածներ են հասցնում Գազայի հատվածի թիրախներին, Իսրայելի սահմանամերձ շրջաններում հատուկ դրություն է մտցվել։ Լրավամիջոցները գրում են, որ Գազայի հատվածին հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման հրամանատարներից մեկը: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է զոհերի մասին՝ առանց հստակ թվեր նշելու: