ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Սոչիում անցկացրած հանդիպման ավարտին ընդունել են հայտարարություն: Նրանք հաստատել են ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման ընդհանուր կամքը` հիմնված հարգանքի, փոխադարձ հետաքրքրությունների վրա և իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան՝ նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածության համաձայն՝ մատակարարվող ռուսական գազի համար Թուրքիան կսկսի վճարել ռուբլով: Կողմերը պայմանավորվել են հավասարակշռության հիմքով մեծացնել երկկողմ առևտրի ծավալը և հասնել դրված նպատակներին, տնտեսության ոլորտում ընդառաջ գնալ հակառակ կողմի սպասումներին, կոնկրետ քայլեր ձեռնարկել` նպատակ ունենալով ընդլայնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, առևտուրը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ֆինանսները, տուրիզմն ու շինարարությունը:
Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով` առաջնորդներն ընդգծել են ՌԴ ու Թուրքիայի միջև բաց և վստահելի, անկեղծ հարաբերությունների նշանակությունը` միջազգային և տարածաշրջանային կայունության հասնելու համար: Նրանք միասնական աջակցություն են հայտնել Սիրիայի և Լիբիայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՄԻՋԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազայում, իսկ պաղեստինցի զինյալները շաբաթ հրթիռներ են արձակել իսրայելական քաղաքների ուղղությամբ: Մարտերը շարունակվում են արդեն երկրորդ օրը՝ վերջ տալով սահմանի երկայնքով ավելի քան մեկ տարվա հարաբերական անդորրին:
Իսրայելն ուրբաթ հայտարարել է, որ հատուկ գործողություն է սկսել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» զինյալ խմբավորման դեմ: Գազայի բարձրահարկ շենքերից մեկի վրա ցերեկային անսպասելի ավիահարվածի հետևանքով սպանվել է խմբավորման բարձրաստիճան հրամանատարներից մեկը:
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալով՝ իսրայելական հարվածներից զոհվել է ևս 9 պաղեստինցի, այդ թվում՝ «Իսլամական ջիհադի» առնվազն չորս գրոհային և մեկ երեխա, վիրավորվել է 79 մարդ:
Պաղեստինցի զինյալները սահմանի վրայով արձակել են առնվազն 160 հրթիռ, որոնց մի մասն ընկել է Իսրայելի խորքում՝ Թել Ավիվի առևտրային կենտրոնի մոտ: Իսրայելի ՀՕՊ-ը որսացել է հրթիռների մեծ մասը, մի քանի մարդ թեթև վնասվածքներ է ստացել։
Լարվածությունը աճել է այս շաբաթ, երբ իսրայելական ուժերը Հորդանան գետի Արևմտյան ափում ձերբակալել են «Իսլամական ջիհադի» հրամանատարին՝ վրեժխնդրության սպառնալիքներ առաջացնելով խմբավորման կողմից:
ՀԻՐՈՍԻՄԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ 77-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
Ճապոնիան օգոստոսի 6-ին նշում է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 77-րդ տարելիցը:
1945 թվականի օգոստոսի 6-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:15-ին, ԱՄՆ B-29 «Էնոլա Գեյ» ռազմական ինքնաթիռը «Փոքրիկ տղա» մականունով ատոմային ռումբը նետել է Հիրոսիմա քաղաքի վրա՝ ավերելով այն և սպանելով 350 000 բնակիչ ունեցող քաղացում ապրող մոտ 140 000 մարդու: Հազարավոր մարդիկ ավելի ուշ մահացել են վնասվածքներից և ճառագայթահարման հետ կապված հիվանդություններից:
Հիրոսիմայի հարձակումից երեք օր անց՝ 1945 թվականի օգոստոսի 9-ին, Միացյալ Նահանգները հերթական ատոմային ռումբն է նետել Նագասակիի վրա, որն ակնթարթորեն սպանել է ավելի քան 75 000 մարդու:
Երկրորդ համաշխարհային պատերազմում Նացիստական Գերմանիայի դաշնակից Ճապոնիան հանձնվել է ատոմային հարձակումներից վեց օր անց՝ օգոստոսի 15-ին:
Նախորդ տարիներին Ճապոնիայի վարչապետներն ու քաղաքների ղեկավարները մասնակցել են ամենամյա հիշատակի արարողություններին և վերահաստատել իրենց խոստումները՝ ջանք գործադրելու միջուկային զենքից զերծ աշխարհի կայացման համար: Ավանդաբար, երկու քաղաքներում ռումբերի գործարկման պահին հնչում են զանգեր, և հայտարարվում է մեկ րոպե լռություն: