Հեռախոսահամար, հասցե հուշող տեղեկատվական «Սփյուռ» համակարգը ներդրումային նոր հարթակ է գործարկել։ Որոշել են իրենց բազայում եղած 30 հազար կազմակերպություններից բիզնես ուղղվածություն ունեցողներին օգնել՝ ֆինանսական գործընկեր գտնեն։ Գաղափարը, ըստ նախագծի հեղինակի, ծնվել է, երբ էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոնում հանդիպման ժամանակ ռուս գործարարները դժգոհել են, թե Հայաստանում պետական կամ մասնավոր կենտրոնացված մի տեղ չկա, որտեղից կկարողանան իմանալ՝ երկրում ի՞նչ ընկերություններ կան, որը ինչպիսի ներդրումների կարիք ունի։ Հենց այդ հարցերի պատասխանն են հիմա փորձում բացահայտել։
Աշոտ Գրիգորյան («Սփյուռ» ընկերության հիմնադիր տնօրեն) - Կայքում էս էջն է, ներդրումների կարիք ունեցողներ և ներդրում կատարողներ. սեղմում ենք առաջին կոճակը՝ այստեղ մինչև 10 մլն և 50-ից ավելի ներդում կատարողներ:
Հարթակը դեռ նոր է, ներդրումային բաժնում գրանցված շահառուներն առայժմ քիչ են։ Ակնկալվող գումարի ի՞նչ չափ նշել, բիզնես-պլան ներկայացնե՞լ, թե՞ ոչ՝ հաճախորդն ինքն է որոշում․ «Սփյուռն» այս հարցում կարծիք-խորհուրդ չի տալիս։ Ներդրողներին էլ չի հուշում՝ ո՞ր ոլորտում կամ ի՞նչ ձեռնարկության հետ գործարքն ավելի շահավետ կլինի։ Իրենց ֆունկցիան բիզնես գործընկեր դառնալ ցանկացողների համար կոնտակտային տվյալները հասանելի դարձնելն է՝ ասում է Աշոտ Գրիգորյանը։
Աշոտ Գրիգորյան - Մենք կոնտակտ ենք ստեղծում, գտան՝ թող իրենք որոշեն՝ էդ ներդրումից հետո ստեղծված բիզնեսը կլինի 50/50, ինչ հարաբերություններով կանեն... Թող իրար գտնեն:
Գրանցումը ներդրումային այս հարթակում անվճար է։ Փող ունեցող ընկերություն թե անհատ՝ որպեսզի կարողանա ավելի հեշտ գտնել իր պոտենցիալ բիզնես-գործընկերոջը, «Սփյուռում» նախատեսում են գրանցվող կազմակերպություններին տարանջատել ըստ տնտեսության ճյուղերի, հեշտացնել որոնումը։ Կընդլայնեն նաև օգտակար հղումների հատվածը։ Քանի որ հարցումները շատ են լինում, հնարավոր է հետո էլ առանձնացնեն արտահանողներին ու ներմուծողներին։