Ռուս խաղաղապահների միջոցով Ադրբեջանը փոխանցել է Լաչինի միջանցքը մինչև օգոոստոսի 25-ն ազատելու պահանջը: Ադրբեջանական կողմի հիմնական պարզաբանումն այլընտրանքային ճանապարհի իր հատվածի կառուցումն է:
Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում նշված է.
«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում` շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:
Կողմերի համաձայնությամբ` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
Հայկ Խանումյան (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Եթե ռուսական զորախումբը տեղափոխվում է, և ադրբեջանցիները հստակ ասում են, որ գալու են, զբաղեցնեն բնակավայրերը, բնականաբար, պետության պարտականությունն է հոգալ այդ քաղաքացիների մասին:
«Միջանցքի այլընտրանքային ճանապարհի շինարարությունը հայկական կողմը սկսել է օրերս»,- ասում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Հունիսի 30-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ազգային ժողովում հայտարարել էր, որ այլընտրանքային ճանապարհը շատ ավելի անվտանգ է լինելու: Մինչև օգոստոսի 25-ը հայկական կողմը երթևեկելի ճանապարհ կունենա:
Հայկ Խանումյան - Հին Շեն - Մեծ Շեն - Կանաչ Թալա ճանապարհահատվածը պատրաստ է, սահմանից դեպի Կոռնիձոր 11 կիլոմետրանոց հատվածը դեռևս պատրաստ չէ: Օգոստոսի մեկին նոր տենդեր է եղել Հայաստանում, որտեղ 3 ընկերություն կսկսեն իրենց հատվածների կառուցումը: Ենթադրվում է, որ ժամանակավորապես՝ գործող ճանապարհի փակվելուց հետո, Հայաստանի սահմանից 3-4 կմ հատված կա գրունտային, որով կփորձենք միանալ Հայաստան տանող մայրուղուն:
Ադրբեջանի պահանջը վերաբերում է նաև Բերձոր քաղաքին, Աղավնո և Ներքին Սուս գյուղերին: Հայկ Խանումյանը երեկ հանդիպել է այդ համայնքների բնակիչների հետ, քննարկել քաղպաշտպանության և վերաբնակեցման հարցեր:
Հայկ Խանումյան - Նրանք, ովքեր ցանկանում են Արցախում բնակվել, ի դեպ, կան բազմաթիվ ընտանիքներ, ովքեր ուզում են կոմպակտ բնակվել Արցախի տարածքում, այդ հարցն արագորեն կլուծենք գյուղական համայնքներից մեկում:
«Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի այն բնակիչները, որոնք ժամանակին վերաբնակվել էին Հայաստանից, կարող են օգտվել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցության ծրագրից»,- նշում է բնակարանային հարցերի կոմիտեի ղեկավարը:
Արմեն Մանգասարյան (Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ) - Վկայագիր են ստանում, և նրանք արդեն կարող են գույք ձեռք բերել ՀՀ տարածքում:
Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հարևանությամբ պետք է կառուցվեն Արցախի նոր էլեկտրագիծ ու կապի մալուխային գծեր: Գազատարի կառուցման հետ կապված բանակցություններ են ընթանում:
Հայկ Խանումյան - Այս պահին նախագծման աշխատանքներ կան կապի և բարձրավոլտ գծի անցկացման նոր ճանապարհի երկայնքով, բայց այնպես չէ, որ ենթակառուցվածքները գործող ճանապարհով անվտանգ տեղերով են անցնում: Դրանց մեծ մասը էլի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով է անցնում: Հետևաբար, որոշակի ճկունություն, բանակցություն և այլն է հարկավոր այս ամենը կարգավորելու համար, ինչպես նաև ռուսական խաղաղապահ անձնակազմի գործուն մասնակցությունը:
Ռուս խաղաղապահների գործուն մասնակցությունը հայկական կողմն ակնկալում է երթուղին շահագործելիս: Այն ամբողջապես պետք է գործի ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: