Արտերկրից շարունակվում է աննախադեպ ծավալի գումարների հոսքը դեպի Հայաստան՝ ֆիզիկական անձանց հաշիվներին: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալով՝ հունիսին քաղաքացիների հաշվին փոխանցվել է՝ 597 մլն 786 հազար դոլար: Սա 3 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից, իսկ մինչ այս ռեկորդային համարվող ընթացիկ տարվա մայիսի համեմատ շատ է ավելի քան 185 մլն դոլարով: Գումարի գերակշիռը մասը՝ 452 մլն դոլարը, Ռուսաստանի Դաշնությունից է փոխանցվել, 62 մլն դոլարը՝ Միացյալ Նահանգներից, մնացածը՝ այլ երկրներից:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Չորս ամիսներին Ռուսաստանից Հայաստան միայն ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները գերազանցել են 1 մլրդ դոլարը, էն դեպքում, երբ վերջին 2 տարիներին տարեկան ծավալը 900 մլն-ը չի գերազանցել:
Մասնագետների գնահատմամբ՝ սրան նպաստել է մի քանի գործոն՝ Հայաստան եկած Ռուսաստանի քաղաքացիներն են գումար ստանում, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն են փոխանցում կատարում մեր երկիր, որոշ բիզնեսներ իրենց միջոցները տեղափոխում են Հայաստան:
Բագրատ Ասատրյան (տնտեսագետ) - Փողի հոսքը լավ է. եթե փողը գալիս է, նշանակում է՝ ինչ-որ դրական բաներ տնտեսության մեջ կան, կարելի է դնել-վերլուծել, ավելի խոր ուսումնասիրել: Հավանաբար, բանկային համակարգի կայունության մասին է վկայում:
Չնայած արտարժույթի մեծ հոսքը նպաստում է դրամի արժևորմանը և վնասում արտահանողներին, այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրական կողմերն անհամեմատ շատ են:
Արմեն Քթոյան - Ամենատարբեր ոլորտներում մենք ունենք տնտեսական ակտիվության բավականին բարձր մակարդակ, մենք ունեինք համավարակից հետո զգալիորեն նվազած ծառայությունների ոլորտ, կացության կազմակերպումը, սննդի կազմակերպումը, այլ ուղղություններում ևս... Էստեղ որոշակիորեն լրացնելու բան կա: Անշարժ գույքի շուկայում որոշակի, էսպես, հավելյալ աշխուժություն է նկատվում, ներդրումների առումով որոշակի ներդրումային աշխուժություն կա:
Կառավարության ֆինանսա-տնտեսական հատվածի պատասխանատուները պետք է քայլեր ձեռնարկեն, որ այս միջոցները հավելյալ արժեք ստեղծեն երկրի տնտեսության մեջ՝ նշում է Բագրատ Ասատրյանը:
Բագրատ Ասատրյան - Պետք է խրախուսել, որ էս փողը, էս ավելցուկը գնա դեպի տեխնոլոգիաների ներմուծումը, ներդրումային միջավայրը երկրում պետք է փոխվի, որ մասնավորը շահագրգռված լինի: Քանի որ էժան դոլար կա շուկայում, մասնավորը շահագրգռված լինի տեխնոլոգիաներ ձեռք բերել, ներմուծել և գործունեություն ծավալել Հայաստանում:
Ընդհանուր առմամբ՝ այս տարվա առաջին 6 ամսում արտերկրից ֆիզիկական անձանց հաշվին փոխանցվել է 1 մլրդ 870 մլն դոլար: Մասնագետները վստահ են՝ առաջիկա ամիսներին բարձր տեմպերը կպահպանվեն:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան