2022-ի առաջին հինգ ամսում Հայաստանում նորածինների թիվը գերազանցել է 13 ու կես հազարը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը ներկայացնում է վերջին տարիների ժողովրդագրության ցուցանիշները. 2020-ին թեև աննշան, բայց նախորդ տարվա համեմատ աճ էր նկատվել:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - 2021 թվականի 5 ամսվա տվյալով բավական մեծ թռիչքային աճ գրանցեցինք, ծնունդների մոտ 11 տոկոս աճ՝ 20 թվականի մայիս ամսվա նկատմամբ: Դա բավականին բարձր ցուցանիշ էր, որը կազմում էր ավելի քան 1400 երեխա. այդքան ավելի էր ծնվել, քան 2020-ին:
2021-ի հաջորդ ամիսներին որոշակի նվազում է նկատվել՝ պայմանավորված պատերազմով. տարին ամփոփվել է փոքր, բայց աճի ցուցանիշով: Իսկ 2022-ի առաջին հնգամսյա տվյալները թեև զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին, բայց գերազանցում են 2020-ի արդյունքը: 2020-ի համեմատ աճը 5 տոկոս է:
Դավիթ Խաչատրյան - Ընդհանուր միտումը, ծնունդների գնահատականը ճիշտ կլինի որոշել երկար ժամանակահատվածով: Այս առումով աճը միջինացված, վերջին տարիներին որոշակի աճ է գրանցվում, վստահ ենք՝ այդ միտումը կպահպանվի:
Առողջապահության նախարարությունը 2020-ից իրականացնում է առողջապահական գործոնով պայմանավորված՝ ծնելիության բարելավման ծրագիր, որն ունի 4 ենթածրագիր: Մեկը դեռահասային առողջության բարելավումն է. 15 տարեկան աղջիկների վերարտադրողական առողջության սքրինինգը, մյուսը պերինատալ կորուստների նվազեցումն է:
Նունե Փաշայան (ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ) - Դա մեռելածնությունն է, ինքնաբեր վիժումն է, որը փորձելու ենք նվազեցնել, հետևաբար ավելի շատ երեխա կծնվի, կբարելավվի հղիության ելքը: Նախատեսվեցին մի շարք հետազոտություններ ռիսկային խմբի հղիների համար, որոնք մինչ այդ չկային: Դա ևս իրականացվում է:
Իրականացվում է նաև մինչ հղիության պլանավորման ծրագիրը՝ նախատեսված է Քաղաքացիական կացության ակտերի գործակալությունում գրանցված զույգերի համար:
Նունե Փաշայան - Փոքր բուկլետներ են բաժանվում նաև ԶԱԳՍ-ում, որի մեջ ամբողջ տեղեկատվությունը ներկայացված է՝ ուր պիտի գնան, ինչպես պիտի գնան, ինչպես պիտի դիմեն: Օգտվելով առիթից՝ ուզում եմ հորդորեմ, որ օգտվեն երիտասարդ զույգերը այս հնարավորությունից և բոլոր առողջական խնդիրները լուծեն մինչև հղիության պլանավորումը:
Կառավարությունը 2019-ից նախաձեռնել է ժողովրդագրության վիճակի բարելավման ծրագրեր: 2023-ի միջնաժամկետ ծախսային ծրագրով այդ նպատակով հատկացումն ավելացվում է 50 տոկոսով: 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան պետական նպաստը 300 հազար դրամ է, 3-րդ, 4-րդ երեխայի դեպքում՝ 1 մլն, 5-րդ և հաջորդ երեխայի 1,5 միլիոն դրամ է:
Դավիթ Խաչատրյան - Հունվարից գործում է նոր ծրագիր, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ ֆինանսական աջակցություն մինչև 6 տարին լրանալը, ամսական 50 հազար դրամ: 2020-ի հուլիսից գործում է երեխա ունեցող ընտանիքների՝ հիփոթեքով տուն ձեռք բերելու ծրագիրը:
2023-ին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կբարձրանա, կպահպանվեն գյուղերում աշխատող մայրերին նպաստի կրկնակի վճարումը:
Ծնելիության աճին միտված անպտղության հաղթահարման ծրագիրն իրականացվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ: Նունե Փաշայանը վստահ է, որ պետական ծրագրերն ազդեցություն ունենում են ժողովրդագրական վիճակի վրա:
Նունե Փաշայան - Տարեցտարի արդյունքները բարելավվում են: Կարծում եմ՝ մինչև տարեվերջ կունենանք լավ արդյունքներ:
Ծրագրի այս տարվա պետական ֆինանսավորումը 917 մլն դրամ է: 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքում պետական աջակցությամբ արդեն 20 երեխա է ծնվել: