ՈՒԿՐԱԻՆԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ
Amnesty International միջազգային հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ հավատարիմ է իր վերջին զեկույցի եզրակացություններին. Ուկրաինան խախտում է պատերազմի վարման կանոնները և սպառնալիքի տակ է դնում խաղաղ բնակիչների կյանքը՝ մարտական տեխնիկա և սպառազինություն տեղակայելով դպրոցներում ու հիվանդանոցներում:
Կազմակերպությունը հայտնել է, որ հուլիսի 29-ին նամակ է հղել Ուկրաինայի կառավարությանը, որում տեղեկացրել է իր եզրակացությունների մասին:
«Մենք թվարկել ենք քաղաքներն ու գյուղերը, որոնցում փաստաթղթավորել ենք մամուլի հաղորդագրության մեջ նկարագրված գործողությունները և տրամադրել ենք 24 վայրի GPS կոորդինատներ, այդ թվում՝ դպրոցների ու հիվանդանոցների, որտեղ, ինչպես Amnesty International-ը հաստատել է, տեղավորվել են ուկրաինացի զինվորներ»,- նշել են կազմակերպությունից:
Amnesty International-ը Ուկրաինայի կառավարությունից խնդրել է պատասխան տալ մինչև օգոստոսի 3-ը, սակայն արձագանք չի ստացել:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կազմակերպության զեկույցը համարել է անընդունելի: Նա պնդել է, թե Amnesty International-ը փորձում է արդարացնել ՌԴ ԶՈՒ հարձակումները: Նա ասել է, թե զեկույցով փորձ է արվում ագրեսորի և զոհի միջև դնել հավասարության նշան:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ ԵՆ ԱՌԳՐԱՎՎԵԼ
Ուկրաինայում հարկադրաբար արդեն առգրավվել են 28 մլրդ գրիվնայի (750 մլն դոլար) ռուսական ակտիվներ։ Այդ մասին տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Խորհրդակցություն եմ անցկացրել պատժամիջոցների քաղաքականության, ռուսական ակտիվների առգրավման շուրջ։ Ինչպես հաղորդել են պաշտոնյաները, Ուկրաինայում արդեն հարկադրաբար առգրավել են 28 միլիարդ գրիվնայի ակտիվներ: Այս աշխատանքը շարունակվում է։ Ռուսական պետությանը պատկանող ավելի քան 900 օբյեկտ առաջարկվել է առգրավել»,- ասել է նախագահը։
Զելենսկու խոսքով՝ այդ ամենը կուղղվի ռազմական գործողությունների հետևանքով Ուկրաինայի կրած վնասի փոխհատուցմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Թուրքիայում հանդիպում անցկացնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Նա համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել բանակցությունների սեղանի շուրջ:
«Մենք շարունակելու ենք զարգացնել երկխոսությունը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում, որպեսզի ներդրում ունենանք տարածաշրջանային և գլոբալ խաղաղության գործում»,- ինքնաթիռում լրագրողներին հայտնել է Էրդողանը Սոչիում Պուտինի հետ հանդիպումից հետո:
Նա նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել է երկկողմ առևտրում անցնել ռուբլու: Էրդողանի խոսքով՝ դա շահավետ կլինի թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի համար:
ԻՐԱՆՆ ԱՄՆ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Վիեննայում իրանական միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն իրատեսական մոտեցում ցուցաբերի Թեհրանի առաջարկներին:
Նախօրեին Վիեննայում մեկնարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բանակցությունների հերթական հանդիպումը: Հանդիպման ավարտին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հայտարարության մեջ նշվում է, որ այն չի համարվում Վիեննայի բանակցությունների հերթական փուլը, այլ պարզապես տեխնիկական բնույթի քննարկում է:
«Այժմ Իրանը պետք է որոշում կայացնի գործարքի վերաբերյալ, քանի դեռ դա հնարավոր է։ Մենք կոչ ենք անում Իրանին չառաջադրել անիրատեսական պահանջներ, որոնք դուրս են գալիս միջուկային գործարքի շրջանակներից»,- նշված է եվրոպական երկրների հայտարարության մեջ: