Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը մտահոգություն է հայտնել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից Ադրբեջանի շեղվելու կապակցությամբ և վերահաստատել տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Պետքարտուղար Բլինքենը ևս մտահոգություն է հայտնել լարվածության կապակցությամբ, նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու իրավիճակի կայունացմանը:
Բլինքենը զրուցել է նաև Ադրբեջանի նախագահի հետ, Ալիևին կոչ արել լիցքաթափել իրավիճակը: Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում ասվում է «Բլինքենը Ալիևին կոչ է արել նվազեցնել լարվածությունը և ուղիղ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերը»:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ` քննարկելով Արցախում Ադրբեջանի ագրեսիան։
«Ես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու լիցքաթափում և հաղորդակցության բաց ուղիներ»,- տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Միշելի համոզմամբ` Բրյուսելում ղեկավարների հաջորդ հանդիպմանն ընդառաջ, երկխոսությանը հետամուտ լինելը և օրակարգի բոլոր կետերով կոնկրետ առաջընթաց արձանագրելն առանցքային է, և ԵՄ-ն հանձնառու է այդ գործընթացին:
ԱԼԻԵՎԻ ՌԵԺԻՄԻ ԴԵՄ ԱՆՀԱՊԱՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ԿՈՉ ԱՄՆ-ԻՆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակումների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, ԱՄՆ-ին կոչ արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ալիևի ռեժիմի դեմ:
«Խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում զոհերի, այդ թվում՝ երկու հայ զինվորի մահվան մասին հաղորդագրություններով, ինչն Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հրադադարի ուղղակի խախտման հետևանք է: Սա հազիվ թե առաջին անգամն է, երբ Ադրբեջանը չհրահրված հարձակվում է գործում հայկական ուժերի վրա, և եթե ԱՄՆ-ը անհապաղ միջոցներ չձեռնարկի Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար, դա վերջինը չի լինի»:
Կոնգրեսականը Պետքարտուղարությանը հորդորել է օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները՝ լարվածությունը նվազեցնելու և «հայկական ինքնիշխանությանը և Արցախի տարածքային ամբողջականությանն Ամերիկայի անսասան աջակցությունը ցույց տալու համար»։ Ադամ Շիֆը ընդգծել է, որ միշտ լինելու է Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին։
Կոնգրեսական Լորի Թրեհենը ևս կոչ է արել Միացյալ Նահանգներին ու դաշնակից երկրներին դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի վերջին բռնությունները: «Թվիթեր»-ում նա գրել է:
«Ես լսել եմ Մասաչուսեթսի շատ ամերիկահայերի արդար բողոքն Ադրբեջանի վերջին բռնությունների առնչությամբ, որը հանգեցրել է մարդկային կյանքերի ողբերգական ու անտեղի կորստի: ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները պետք է դատապարտեն այս բռնությունն ու դիվանագիտական ճանապարհներով աշխատանք տանեն՝ կանխելու հետագա էսկալացիան»:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պետք է օգտագործի իր բոլոր դիվանագիտական գործիքները՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ղեկավարությանը Արցախի դեմ իրականացված հարձակումների համար: Կոնգրեսական Ջեն Շակովսկին է գրել:
«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի համաձայնությունը հերթական անգամ խախտելու համար: Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգտագործել իր բոլոր դիվանագիտական գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու Արցախի դեմ իրականացրած հարձակումների համար ու կանխելու հետագա կոտորածները»:
Արդեն 4-րդ օրն է Ադրբեջանի սադրանքներին արձագանքում և դատապարտում են տարբեր միջազգային կառույցներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան