ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել նվազեցնել լարվածությունը և ուղիղ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերը»,- նշված է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ հեռախոսազրույցի մասին պետքարտուղարը գրառում է կատարել Թվիթերում.
«Վստահեցրել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»,֊նշել է Բլինքենը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը վստահեցրել է վարչապետ Փաշինյանին, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ։ Նա կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Զրուցել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Կոչ եմ արել շարունակել զսպվածություն ցուցաբերել և ուղիղ երկխոսություն ծավալել Ադրբեջանի հետ՝ այս խնդիրները լուծելու համար»,֊ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Թվիթերում գրել է Բլինքենը։