Սարերի փեշին՝ անտառներով շրջապատված, փոքրիկ գետի ափին: Սյունիքի մարզի Շիկահող համայնքն է, որը 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ է դարձել: Տարիների ընթացքում երիտասարդության թիվը գյուղում աստիճանաբար նվազել է: Հիմա ընդամենը մի քանի դպրոցահասակ երեխա կա: Բայց մնացողները գյուղը թողնելու միտք չունեն. ամեն օր կռիվ են տալիս իրենց փոքր ու մեծ խնդիրների դեմ, ապագայի ծրագրեր կազմում:
ԶՈՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Շիկահող համայնքի բնակիչ) - Դժվար է: Գյուղում ապրելը երևի թե դժվար է, բայց դե չես էլ ուզում, որ քո գյուղը թողնես, գնաս: Էն որ ասում են՝ գոյատևում ենք, բայց էլի չենք դժգոհում: Ես նորից եմ կրկնում, կարող ա մի քիչ պակաս ապրենք, բայց խաղաղություն լինի:
Տիկին Զոյայի լվացքի պարաններին մանկահասակ երեխայի շորեր են: Ասում է՝ Կապանում ապրող թոռները ամառային արձակուրդներն այստեղ են անցկացնում: Գյուղում ինքը բնակվում է կրտսեր որդու հետ: Մտահոգվում է՝ նա շատ է չարչարվում՝ անասուններ պահել, հող մշակել, խոտ հնձել, վառելիքի հարց հոգալ: Քաղաքից եղբայրներն էլ գալիս, օգնում են, արդյունքը, մեկ է, բավարար չէ:
ԶՈՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Բայց եթե երեխեն աշխատի... Երեխա չի, է: Հա, ինձ համար ա երեխա, բայց քառասունքանի տարեկան ա, պիտի ամուսնանա: Ընտանիք կազմի:
Թե գյուղի պայմաններում ինչ աշխատանք կուզեր, որ լինի, տիկին Զոյան խոստովանում է՝ այնքան էլ լավ չի պատկերացնում: Բայց մի բան հաստատ գիտի՝ իրենց պահած անասունի միսն ու կաթը իրացնելը բարդ գործ է:
«Ամեն մարդ չի կարող իր ապրանքը վաճառել»,- փաստում է նա: Իսկ իրացման խնդիրը յուրաքանչյուրն ինքը պիտի հոգա: Այդ գործը կազմակերպող մեկը չկա: Համագյուղացի Տիգրան Հովհաննիսյանը գյուղմթերքի իրացման խնդիր չի ունենում: Ավելին՝ կարծում է՝ գյուղացին պետք է գյուղատնտեսությամբ զբաղվի, բայց պետությունն էլ՝ թեթևացնի նրա աշխատանքը: Ի դեպ, վերջերս գյուղը փորող ու հնձող տեխնիկա է ստացել: Ամեն հինգ տնտեսության համար նախատեսված է մեկը: Գործը հեշտացել է: Արդյունքում ընդլայնվել են մշակվող հողատարածքները: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ էլ գյուղում մելիորացիայի ծրագիր է իրականացվել:
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Շիկահող համայնքի բնակիչ) - Մաքրել են, հողը վարել են, ցանք են կատարել: Մի 20-25 տարի չէր մշակվում, հիմա մարդիկ եկան, մաքրեցին, «ակուրատնի» բան դարձավ, արդեն սերմը գցված պատրաստ ա, հաջորդ տարի մնում ա խոտը քաղենք:
Տիգրանը կարծում է՝ գյուղում ապրելն ու աշխատելը քաղաքի համեմատ կարող է եկամտաբեր լինել, եթե պետությունն օգնի տոհմային կենդանիներ պահել: Ավելի կարճ ժամանակում ստացվող միսը կրկնակի կլինի, կաթը՝ նույնպես:
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - Պահանջարկը կա, էլի, իրոք պահանջարկը կա: Ջահելությունը կձգտի հետ դառնա, գա: Եթե էսօր ջահելն իմանա՝ քաղաքում աշխատում է, 200-300 հազար դրամ փող է ստանում ու գա, էստեղ երկու-երեք հատ անասուն կամ ոչխար տան, ինքը գյուղատնտեսությունով զբաղվի, ինքը 400-500 հազարից ավել ա ստանում, հետ կդառնա, գա, զբաղվի իր գործով:
Շիկահողի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ: Աշխատում են արգելոցում, դպրոցում ու կարի արտադրամասում:
ՄԱՅԻՍԿԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Շիհակող համայնքի բնակիչ, կարի արտադրամասի աշխատակից) - Արտադրամասը գործում է 2021 թվականի դեկտեմբերից: Զանգեզուր կենսոլորտային համակարգի բոլոր ֆորմաների պատվերը ընդունել ենք, կարել, հանձնել իրենց, «Մեղու» կոմունալ ծառայությանը էլի ընդունել ենք, հանձնել ենք, հիմա Կապանի կոմբինատինն ենք կարում, մի մասը հանձնել ենք, մի մասն էլ ընթացքի մեջ է:
Կարի արտադրամասում 13 մարդ է աշխատում, թեպետ մեր այցելության ժամանակ հանգստի օր էր: Մեկ տարի ժամկետով կնքված պայմանագրով՝ աշխատավարձը 55 հազար դրամ է՝ անկախ գործի ծավալից: Գումարած՝ 1200 դրամ՝ կարված յուրաքանչյուր կոմպլեկտի դիմաց: Բայց հետագայում կայուն աշխատավարձի փոխարեն վճարվելու է միայն գործարքայինը, ու սա մտահոգում է աշխատողներին:
Սյունիքի մարզպետարանից պարզաբանեցին՝ 44-օրյա պատերազմից հետո վարչապետի որոշումով ստեղծված Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը արտադրամասը հիմնել է սոցիալական խնդիր լուծելու նպատակով և պետբյուջեից հատկացվել է մեկ տարվա ֆինանսավորում՝ անկախ պատվերներից: Ենթադրվում է, որ այդ ժամկետում արտադրամասը սոցիալական ուղղվածությունից պիտի կարողանա դառնալ եկամտաբեր բիզնես, կայանա և ունենա պատվերներ՝ իր ֆինանսական հարցերը ինքնուրույն լուծելու համար:
Գյուղում ասում են՝ նաև ջրի խնդիր ունեն: Ոռոգման ջուրը մինչև դաշտեր է հասնում, մի մասը գոլորշիանում է: Խմելունն էլ ֆիլտրացման կարիք ունի, քանի որ գետի ու աղբյուրների ջրերը միացվել են: Շիկահողի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանն ասում է՝ հարցը ներկայացրել են պատկան մարմիններին, լուծման են սպասում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան