Amnesty International միջազգային հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ հավատարիմ է իր վերջին զեկույցի եզրակացություններին. Ուկրաինան խախտում է պատերազմի վարման կանոնները և սպառնալիքի տակ է դնում խաղաղ բնակիչների կյանքը՝ մարտական տեխնիկա և սպառազինություն տեղակայելով դպրոցներում ու հիվանդանոցներում:
Կազմակերպությունը հայտնել է, որ հուլիսի 29-ին նամակ է հղել Ուկրաինայի կառավարությանը, որում տեղեկացրել է իր եզրակացությունների մասին:
«Մենք թվարկել ենք քաղաքներն ու գյուղերը, որոնցում փաստաթղթավորել ենք մամուլի հաղորդագրության մեջ նկարագրված գործողությունները և տրամադրել ենք 24 վայրի GPS կոորդինատներ, այդ թվում՝ դպրոցների ու հիվանդանոցների, որտեղ, ինչպես Amnesty International-ը հաստատել է, տեղավորվել են ուկրաինացի զինվորներ»,- նշել են կազմակերպությունից:
Amnesty International-ն Ուկրաինայի կառավարությունից խնդրել է պատասխան տալ մինչև օգոստոսի 3-ը, սակայն արձագանք չի ստացել:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կազմակերպության զեկույցը համարել է անընդունելի: Նա պնդել է, թե Amnesty International-ը փորձում է արդարացնել ՌԴ ԶՈՒ հարձակումները: Նա ասել է, թե զեկույցով փորձ է արվում ագրեսորի և զոհի միջև դնել հավասարության նշան: