Ռումբերի մասին կեղծ ահազանգերի թիվը կտրուկ աճել է. վերջին 7 ամսում ռումբի մասին 30 ահազանգ է ստացվել՝ նախորդ տարվա 7-ի փոխարեն:
Գիշերային ակումբից մինչև դեսպանատներ, դպրոցներ, մոլեր ու մետրոպոլիտեն: Այս օբյեկտներն են հիմնականում հայտնվել հանցագործների թիրախում:
Արսեն Մկրտչյան (ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ) - Ահազանգերը հիմնականում ստանում ենք էլեկտրոնային փոստի միջոցով, այս կամ այն գերատեսչությանն են ուղարկում:
Վերջին ահազանգը ամենամասշտաբայինն էր. պարալիզացվել էր միանգամից մի քանի օբյեկտի աշխատանքը:
Արսեն Մկրտչյան - Ե՛վ մետրոյի բոլոր կայարաններն էին ներառված, և՛ «Զվարթնոց» օդանավակայանը, և՛ քաղաքապետարանը, և՛ Ազգային ժողովը:
Շուրջ 5 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո հայտարարվեց՝ տեղեկությունը կեղծ է:
Աշոտ Մխիթարյան (ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - Օգոստոսի 2-ին տեղի ունեցած ահաբեկչության մասին կեղծ ահազանգի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ, և կատարվում է նախաքննություն:
Մինչ այս հուլիսի 20-ին էր մետրոպոլիտենում ու քաղաքապետարանում ռումբի մասին կեղծ ահազանգ ստացվել: Ահազանգը սկզբում ուղղվել էր Երևանի քաղաքապետարան, հետո փոխանցվել ԱԻՆ-ին։
Աշոտ Մխիթարյան - Պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկվել է էլեկտրոնային հաղորդագրություն՝ հետևյալ բովանդակությամբ՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բոլոր կայարաններում տեղադրված են պայթուցիկ սարքեր, պահանջ է եղել Հայաստանի Հանրապետության վարչապետի և նախագահի հրաժարականը: Նշված Էլեկտրոնային հաղորդագրություն գրող անձը ներկայացել է որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչ:
Որոնողական աշխատանքների ընթացքում որևէ պայթուցիկ սարք, նյութ չեն հայտնաբերել: Ահաբեկչության մասին կեղծ տեղեկություններ տարածելու հանցակազմի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ:
Կեղծ ահազանգ էր ստացվել նաև նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը ռումբի տեղադրման մասին: Դատախազությունից «Լուրեր»-ին փոխանցեցին, որ այս դեպքի առթիվ նույնպես նախաձեռնվել է վարույթ: Ահազանգողը, որը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման, հայ է, գտնվում է հոգեբուժարանում: Ռումբերի վերաբերյալ կեղծ ահազանգերը պարալիզացնում են արտակարգ իրավիճակիների նախարարության աշխատանքը:
Արսեն Մկրտչյան - Բավականին շատ են հրդեհները, օրական ստացվում է 30-40 և ավել հրդեհի ահազանգ, և պատկերացրեք, որ էդ հաշվարկները կարող էին օգտակար գործ անել և ստիպված են այս կեղծ ահազանգերը սպասարկել: Ուժերը անտեղի վատնում ենք. և՛ ուժերը, և՛ միջոցները: Ամեն դեպքում, մենք էդ օրերին՝ թե՛ օգոստոսի 2-ին, թե՛ հուլիսի 20-ին, մեր ազատ հերթափոխից ուժեղացրել ենք մեր անձնակազմը, որպեսզի խնդիրներ չունենանք, չլինեն դեպքեր, որ չկարողանանք սպասարկել, բայց, ամեն դեպքում, մեր ծառայությունները ավելի ծանր ռեժիմով են աշխատում:
Կեղծ ահազանգերը հիմնականում ստացվում են Երևանում: Ոստիկանության տրամադրած տեղեկության համաձայն՝ վերջին 5 տարում Երևանում ռումբերի առկայության մասին 53 կեղծ ահազանգ է ստացվել, բոլորով հարուցվել են քրեական գործեր. 53-ից բացահայտվել է միայն 13-ը: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ վերջին 5 տարում ռումբերի մասին կեղծ ահազանգ տված քաղաքացիներից 8-ը դատապարտվել է. մեծ մասը, որպես հարկադրանքի միջոց, տեղափոխվել է հոգեբուժարան: Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը պատժվում է տուգանքով՝ աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան