Արցախի հասարակական և քաղաքական մի խումբ գործիչներ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ երեկ կայացած հանդիպման մանրամասներն են ներկայացրել: Նշել, որ գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ներկայացրել է Լաչինի միջանցքն ազատելու Ադրբեջանի պահանջը, այն պարզաբանմամբ, որ ադրբեջանական կողմն այլընտրանքային ճանապարհի իր հատվածը կառուցել է:
Արթուր Օսիպյան (Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ) - Կարճ ժամանակահատվածում մեր հատվածը կառուցենք ու երթուղին փոխենք՝ սա են պայմանավորվել, որը հակաօրինական է, անթույլատրելի է, որը չի բխում մեր շահերից և մեծ վտանգ է արցախահայության համար:
Արցախի ռազմավարական ուսումնասիրությունների անկախ կենտրոնի տնօրեն Ղարիբ Բաբայանի գնահատմամբ՝ նորակառույց ճանապարհը պետք է ենթարկվի մասնագիտական ուսումնասիրության՝ պարզելու թե որքանով է այնտեղով երթևեկելն անվտանգ:
Ղարիբ Բաբայան (Արցախի ռազմավարական ուսումնասիրությունների անկախ կենտրոնի տնօրեն) - Մենք ասացինք, որ համաձայն հայտարարության համապատասխան կետի՝ դեռ 1,5 տարուց ավելի ժամանակ ունենք: Հետևաբար պետք չէ շտապեցնել:
«Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանն ասում է՝ այնտեղ էր պարզելու չե՞ն ուզում, թե՞ չեն կարողանում զսպել ադրբեջանական ագրեսիան:
Տիգրան Պետրոսյան («Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր) - Վոլկովը հավաստիացրեց, որ ամեն ինչ անում են: Այսինքն՝ պարզ դարձավ այն, որ նրանք փորձում են զսպել, բայց չեն կարողանում:
Արցախի հանրային և քաղաքական դաշտի ներկայացուցիչները ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարին հիշեցրել են, որ Ադրբեջանը բարձունք առ բարձունք փորձում է գրավել Արցախը՝ օգտագործելով ծանր տեխնիկա և հարվածային անօդաչուներ:
Ղարիբ Բաբայան - Պատասխանն այնպիսին էր, որ նրանք աշխատում են իրենց լիազորությունների շրջանակում, ավելին նրանք չեն կարող անել, նրանք շատ քիչ են, և որ «Բայրաքթարների» դեմ համապատասխան սպառազինություն չունեն: Ինչպես ասում են՝ ինքնաձիգով դրանց դեմ չես կռվի:
Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար։