ԼՈՆԴՈՆՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ
Երեկ կրոնական արմատական ակտիվիստները հարձակվել և շրջափակել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը: Նրանք ներխուժել են դեսպանության շենք և ավերածություններ գործել ներսում: Հարձակվողներն իջեցրել են Ադրբեջանի դրոշն ու իրենց դրոշներն ու կրոնական պաստառներ կախել: Ադրբեջանցի դիվանագետներին տարհանել են բրիտանական ոստիկանության աշխատակիցները: Իրավապահները կարողացել են շենք ներխուժած ակտիվիստներին դուրս հանել և ձերբակալել:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ դատապարտել է տեղի ունեցածը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Մահդիի ծառաների միություն» անունով շիա կրոնական կազմակերպությունը:
Միացյալ Թագավորության տարածքում գործող կազմակերպության կայքը որպես իր գործունեության նպատակ հայտարարել է շիա քաղաքակրթության գերիշխանությունն աշխարհում: Բրիտանական կայքերի տվյալով՝ կրոնական ակտիվիստները նման ակցիայով պատասխանել են Ադրբեջանի տարածքում շիա մահմեդական կրոնական գործիչների հանդեպ ճնշումներին:
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԻՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՎԱՆ ՅԻ
Չինաստանը պաշտպանում է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարը: Վան Յին հավելել է, որ Պեկինն այդկերպ հարգում է միջազգային հարաբերությունները և երկրների մեծամասնության ընդհանուր շահերը կարգավորող հիմնական նորմերը:
«Ներքին գործերին չմիջամտելը մեր երկրում խաղաղության և կայունության պահպանման հիմնական սկզբունքն է: Չի կարելի թույլ տալ, որ ջունգլիների օրենքն իշխի ազգամիջյան հարաբերություններում»,- նշել է նա: Չինաստանի գլխավոր դիվանագետը հույս է հայտնել, որ Թայվանում առկա իրավիճակի վերաբերյալ G7-ի հայտարարությունը պարզապես մաքուր թուղթ կլինի և երբեք չի ստանա միջազգային հանրության աջակցությունն ու դրական արձագանքը:
Վան Յին նշել է, որ «Մեծ յոթնյակի» գործողությունները մեծ վրդովմունք են առաջացրել չին ժողովրդի շրջանում՝ նրա խոսքով՝ Չինաստանի և այլ երկրների ինքնիշխանությունն ու անկախությունը ձեռք են բերվել արյունալի մարտերի միջոցով, ուստի այն երբեք չպետք է ոտնահարվի:
ԻՄ ԱՅՑԸ ԹԱՅՎԱՆ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ. ՓԵԼՈՍԻ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ իր այցը Թայվան որևէ կապ չունի տարածաշրջանային ստատուս քվոյի փոփոխության հետ: Ասիական ուղևորության վերջին փուլում նա այցելել է Ճապոնիա: Ծագող արևի երկրի վարչապետի հետ հանդիպումից հետո Ներկայացուցիչների պալատի խոսնակն անդրադարձել է ԱՄՆ-Թայվան հարաբերություններին: Նա նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի նպաստել Թայվանի ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը: Փելոսիի խոսքով՝ Չինաստանը չի կարող մեկուսացնել Թայվանը և իրավունք չունի արգելել որևէ մեկին այցելել այնտեղ:
ՉԺՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԱՅՎԱՆԻ ՄՈՏ
Նենսի Փելսոսիի Թայվան կատարած այցից մեկ օր հետո Չինաստանը զորավարժությունների շրջանակում բազմաթիվ ինքնաթիռներ է տեղակայել և հրթիռներ արձակել Թայվանի մերձակայքում: Պեկինը, արձագանքելով հանրության մտահոգությանը, թե արդյոք դրանք անցե՞լ են Թայվանի գլխավոր կղզու վրայով, հայտարարել է, որ արձակված հրթիռները որևէ վտանգ չեն ներկայացնում: Վեց գոտիներում նախատեսված վարժանքները տևելու են մինչև կիրակի: