ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ-ԲԱՅՐԱՄՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Բայրամովը դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկացրել է թուրքական կողմին։ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել կատարվածի վերաբերյալ և դատապարտել տեղի ունեցածը։
Երեկ կրոնական արմատական ակտիվիստները հարձակվել և շրջափակել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը: Նրանք ներխուժել են դեսպանության շենք և ավերածություններ գործել ներսում: Հարձակվողներն իջեցրել են Ադրբեջանի դրոշն ու իրենց դրոշներն ու կրոնական պաստառներ կախել: Ադրբեջանցի դիվանագետներին տարհանել են բրիտանական ոստիկանության աշխատակիցները: Իրավապահները կարողացել են շենք ներխուժած ակտիվիստներին դուրս հանել և ձերբակալել:
Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շիա կրոնական ակտիվիստները նման ակցիայով պատասխանել են Ադրբեջանի տարածքում շիա կրոնական գործիչների նկատմամբ ճնշումներին: Այսօր Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի արտգործնախարարություն, նրան փոխանցվել է Բաքվի վճռական բողոքը Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա ծայրահեղական ակտիվիստների հարձակման կապակցությամբ։
ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍՈՉԻՈՒՄ
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ Սոչի են մեկնել նաև արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, երկրի ազգային հետախուզության ղեկավարը: Դեմ առ դեմ հանդիպումից հետո նրանց կմիանան պատվիրակությունները։ Բանակցություններից հետո արդյունքների և հանդիպման մանրամասների մասին կհայտնի փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Նովակը:
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ չէր բացառել, որ Պուտինն ու Էրդողանը Սոչիում մտքեր կփոխանակեն նաև Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման վերաբերյալ։ Պեսկովի խոսքով՝ այսօր կողմերը կքննարկեն նաև Սիրիայում տիրող իրավիճակը, մասնավորապես Անկարայի գործողությունը Հյուսիսային Սիրիայում։
«Թուրքիան օրինական մտահոգություններ ունի անվտանգության հետ, որոնք մենք, իհարկե, հաշվի ենք առնում։ Բայց շատ կարևոր է թույլ չտալ որևէ գործողություն, որը կարող է ապակայունացնել իրավիճակը Սիրիայում կամ վտանգել Սիրիայի տարածքային և քաղաքական ամբողջականությունը»,- հայտարարել է Պեսկովը:
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍԵՐԲԻԱՅԻ ԵՎ ԿՈՍՈՎՈՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ
Կոսովոյի և Սերբիայի միջև լարվածության ֆոնին Եվրամիության միջնորդությամբ Բրյուսելում կհանդիպեն երկու առաջնորդները։ Ալեքսանդր Վուչիչը և Ալբին Կուրտին ընդունել են Եվրոպական դաշինքի դիվանագիտության ղեկավարի հրավերը:
Կոսովոյում և Մետոքիայում իրադրությունը կտրուկ սրվել է, երբ չճանաչված կազմավորման ոստիկանությունը փակել է հսկիչ անցակետերը Սերբիայի հետ սահմանին: Ի պատասխան Կոսովոյի հյուսիսային մասի սերբերը դուրս են եկել ցույցերի և փակել հիմնական մայրուղիները: Բողոքի գործողությունները դադարեցրել են միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Պրիշտինան հայտարարել է, որ մեկ ամսով հետաձգում է սերբերի մուտքի սահմանափակումների հետ կապված աղմկահարույց որոշումները:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ. ԼԱՎՐՈՎ
Միջուկային գործարքը պետք Է վերականգնվի սկզբնական տեսքով՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ ՌԴ-ն պաշտպանում է Իրանի դիրքորոշումն այդ հարցում:
«Այդ պլանը պետք է վերականգնվի բացառապես այն տեսքով, ինչ տեսքով դրան հավանություն է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ առանց որևէ բացառության»,- նշել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը: Լավրովի խոսքով՝ ամերիկյան կողմը փորձում է ձևափոխված պլանը նոր քննարկման առարկա դարձնել, իսկ իրանցիները պնդում են, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես դրան հավանություն էր տրվել 2015 թվականին: Նա ընդգծել է, որ ամերիկացիները դուրս են եկել գործարքից, որին ավելի վաղ հենց իրենք են հավանություն տվել, և քանի որ Վաշինգտոնն այն փորձել է խափանել, ԱՄՆ-ը պետք է վերադառնա սկզբնական պայմանավորվածություններին:
ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ ԲԵՌՆՎԱԾ 3 ԲԵՌՆԱՆԱՎ Է ՈՒՂԵՎՈՐՎԵԼ ՍՏԱՄԲՈՒԼ
Եգիպտացորենով բեռնված ևս 3 բեռնանավ դուրս է եկել Օդեսայի մարզի նավահանգիստներից և ուղևորվել Ստամբուլ՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։
ՄԱԿ-ից էլ տեղեկացրել են, որ համատեղ համակարգող կենտրոնը թույլ է տվել այդ նավերին ծով դուրս գալ այսօր: Նավերը նախ զննություն կանցնեն Ստամբուլի համակարգող կենտրոնում, ապա կշարունակեն ճանապարհը տարբեր ուղղություններով․ դրանցից մեկը կշարունակի ճանապարհը դեպի թուրքական Կարասու քաղաք, երկուսը՝ բրիտանական և իռլանդական նավահանգիստներ։
ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ՏԱՐԱԾԵԼ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ. ԿՈՉԿԱ
Ստամբուլի համաձայնագրերի գործողությունը, որոնք թույլ են տալիս սկսել Ուկրաինայի տարածքից պարենի արտահանում ծովով, հարկ է տարածել այլ ապրանքների վրա՝ հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարարը: Տարաս Կոչկան ընդգծել է, որ Կիևը շահագրգռված է ծովով մետաղագործական արտադրանքի արտահանումը վերականգնելու հարցում:
ԱՍԵԱՆ-Ի ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ՝ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ԿՈՉԸ
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման կոչ են արել՝ ասված է համատեղ հայտարարության մեջ:
Այն Պնոմպենում ընդունել են ԱՍԵԱՆ-ի արտաքին գործերի նախարարների 55-րդ խորհրդակցության մասնակիցները, որը որպես տարածաշրջանային միավորման գործող նախագահ կազմակերպում է Կամբոջան: Երկրները կոչ են արել ապահովելու քաղաքացիական բնակչության անվտանգությունը և կարիքավորների համար մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումը: