Բարձր գնաճային սպասումների պահպանման ֆոնին Հայաստանի գլխավոր դրամատունը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնել՝ սահմանելով 9.5 տոկոս: Չնայած միջազգային ապրանքահումքային շուկայում գնաճային ճնշումները որոշակիորեն թուլանում են, այնուամենայնիվ, աշխարհում այս պահին դրա մակարդակը բարձր է, բացի այդ՝ պայմանավորված Հայաստանում պահանջարկի մեծացմամբ՝ սպասվում է ինֆլյացիոն միջավայրի ընդլայնում:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Մի կողմից ունենք արտարժույթի շուկայում որոշակի հավասարակշռության ձևավորման միտումներ և մյուս կողմից ունենք առավել բարձրացող գնաճ, որը բնակչության էլ ավելի մեծ շերտերի վրա է ազդեցություն ունենում, և դա է պատճառը, որ Կենտրոնական բանկը էսօր գնացել ա էդ ճանապարհով, որպեսզի միջնաժամկետում հնարավորություն ունենա իր գնաճի նպատակադրման նպատակներին հասնելու:
Մասնագետները նշում են՝ հուլիսին անգամ որոշ ապրանքների գների նվազման միտում է նկատվել, և այս ֆոնին գլխավոր դրամատան 0.25-տոկոսանոց քայլը մեկ նպատակ ունի:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Եթե Կենտրոնական բանկը այս պահի դրությամբ է բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը, կարելի է ասել՝ ամրապնդում են նաև գնաճի կանխման այս գործիքը, որովհետև մեկ այլ հանգամանք է, երբ որ կա ընդհանուր առմամբ գնաճ, և ստիպված են լինում դա անել, երբ որ կա գնանկում, և դա կիրառում են, այսինքն՝ լիարժեք ամրապնդվում է այն քաղաքականությունը, որ գնաճը փորձ է արվում կանխել:
Կենտրոնական բանկը, ի տարբերություն որոշ երկրների, կոորդինացված դրամավարկային քաղաքականություն է վարում և համարժեք արձագանքում զարգացած երկրների քայլերին՝ իր հիմնական գործառույթը՝ գնաճի զսպումը, գերադասելով տնտեսական ավելի բարձր արդյունք գրանցելուց:
Վիլեն Խաչատրյան - Եթե համեմատելու լինենք գնաճային այդ միտումները և տնտեսական աճի հետ կապված հարցերը, օրինակ՝ նույն Թուրքիայում հսկայական գնաճ է, բայց անգամ այդ պարագայում էդտեղ էլ կա որոշակի տնտեսական աճ, այսինքն՝ էնտեղ գնաճը չի հաջողվում զսպել և հասնում է 70 տոկոսի: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե մեր նման երկրում նման միտումներ տեղի ունենային, առնվազն, կարծում եմ՝ լուրջ բնակչության կողմից բողոքի ակցիաներ կառաջանային:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ճկուն գործիք է, և, մասնագետների կարծիքով՝ առաջիկայում աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ այն կարող է դարձյալ փոխվել:
Հայկ Բեջանյան - Կա հավանականություն, որ գլխավոր դրամատունը կշարունակի խստացման քաղաքականությունը, սակայն ամեն բան կախված ա, թե էդ զարգացումները որքան կտևեն և որքանով կծավալվեն և եթե կշարունակվեն էս նույն մակարդակներով, անկասկած կունենանք ավելի խստացումներ: Ի դեպ՝ պետք ա նաև նշենք, որ այսօր մեր վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին 7-8 տարվա կտրվածքով ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում:
Գլխավոր դրամատունը վստահ է, որ միջնաժամկետում գնաճը կմոտենա նպատակային՝ 4 տոկոսին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան