Գերատեսչությունից գերատեսչություն անձամբ թուղթ տանել-բերելու կարիք այլևս չի լինի. սեղանին վերջին փաստաղթղթերն են:
Շրջակա միջավայրի նախարարությունն ու ՊԵԿ-ը համատեղ ներդրել-գործարկել են «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը, որով հնարավորություն է ստեղծվել Հայաստանից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տրամադրվող լիցենզիան, թույլտվությունը, եզրակացությունն առցանց իրականացնել:
Սևակ Բալոյան (ՀՀ ՇՄՆ կենսառեսուրսների կառավարման վարչության պետ) - Կա Կառավարության համապատասխան որոշում՝ արգելված կամ սահմանափակված ապրանքների տեսականիներ, շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում են արտահանման և ներմուծման մեկանգամյա լիցենզիաներ: Օրինակ կարող եմ նշել վայրի կենդանիների, վայրի բույսերի և դրանց ածանցյալների երրորդ երկրների հետ առևտրի դեպքում կարգավորումները:
Էլեկտրոնային համակարգով փաստաթղթեր ներկայացնել չի նշանակում կարգը փոխել կամ փաստաթղթերի ցանկը փոքրացնել: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը այս դեպքում մեկ հպումով են հասնում հասցեատիրոջը:
Մարատ Սմբատյան (ՀՀ ՇՄՆ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգող) - Այս համակարգի միջոցով գործարարը ընդամենը կներմուծի իր ապրանքի մասին տվյալները, ու համակարգը ավտոմատ կգեներացնի բոլոր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են: Անձը, եթե նույնիսկ չիմանա ինչ փաստաթուղթ է պակաս, համակարգը կհուշի նրան:
Էլեկտրոնային թույլատվական փաստաթղթերի պարագայում արտահանող-ներմուծողը լիցենզիա տրամադրողին չի տեսնում, ինչն իր հերթին, վարչության պետի խոսքով, նվազեցնում է վարչարարությունը, նաև կանխում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:
Սևակ Բալոյան - Միայն մուտք է գործում այս համակարգ, կցում է այն նյութերը, որոնք Կառավարության որոշմամբ պարտադիր են: Օրինակ՝ մատուտակ արտահանելիս երրորդ երկիր:
Շրջակա միջավայրի նախարարությունից լիցենզիաների տրամադրման հայտեր դեռ չկան. համակարգը առաջին օրն է աշխատում, հասանելի է ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ համակարգ` https://sw.gov.am հղումով: