ՊԵՍԿՈՎԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Կրեմլը մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա կոչ է արել կատարել եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները:
«Հայաստանի հետ տարբեր մակարդակներով սերտ շփումները թույլ կտան հստակեցնել այն հարցերը, որոնք Երևանն ունի Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը:
Նա չի բացառել, որ օգոստոսի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտքեր կփոխանակեն իրավիճակի վերաբերյալ:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԼՂ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարումը՝ հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Ընդգծվել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների բոլոր նորմերի կատարման հրամայականը:
ԼՂ ՀԱՐՑԸ՝ ԲԼԻՆՔԵՆ-ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է.
«Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է գործակցել համախոհ գործընկերների հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանն աջակցելու և հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը նպաստելու համար»: