Դաշտից հողի վրայի շերտն ամբողջությամբ քերել-հանել են, հսկայական փոս գոյացրել։ Արմավիրի Գետաշեն գյուղի մոտակայքում գտվող այս տարածքը ՊԵԿ-ի հետաքննական-հետախուզական օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում է հայտնվել որպես թաքուն շահագործվող ավազի հանք։ Կասկածը հաստատվել է․ վարելահողերի արանքում, փաստորեն, շինանյութ է արդյունահանվել։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 5 բաժնի գլխավոր օպերլիազոր - Պարզվել է՝ Երևանի բնակիչ Մ․ Ա.-ն Գետաշեն համայնքի տարածքում ձեռք է բերել 2 հա գյուղատնտեսական հող ու առանց ընդերքօգտագործման իրավունքի ու հարկային մարմնում գրանցվելու տվյալ տարածքում իրականացրել ավազի արդյունահանում:
Հավանաբար որ ապօրինի բիզնեսը վրիպի մարդկանց աչքից, էքսկավատորը տարածքում աշխատել է հիմնականում երեկոյան ժամերին, բեռնել-ճանապարհել է տարբեր տնտեսվարողներից վարձակալած տրանսպորտային միջոցներ։ Թե ի՞նչ ծավալի շինանյութ կարող էր այս ընթացքում դուրս բերվել հանքից՝ Բնապահպանության և ընդերքի տեսչության փորձագետներն են հաշվարկ-գնահատական փոխանցել Պետեկամուտներին։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 5 բաժնի գլխավոր օպերլիազոր - Վերոհիշյալ տեղամասից տեղահանվել է 16 հազար խմ ավազային զանգված, որի ընդհանուր արժեքը կազմում է 39 մլն դրամ:
Գյուղատնտեսական հողն առնել և օգտագործել այն որպես հանք՝ օրենքը թույլ չի տալիս։ Ընդերքի բնական պաշարներն արդյունահանելու համար լիցենզիա-թույլտվություն է պետք։ Բիզնեսն էլ պետք է գրանցված լինի Հարկայինում՝ նման գործունեությամբ զբաղվող անհատներին ու տնտեսվարողներին զգուշացնում են Պետեկամուտների կոմիտեից։
Լյովա Գրիգորյան (ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 5 բաժնի պետ) - Հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ վերահսկողությունը գտնվում է հետաքննության և օպերատիվ վարչության մշտադիտարկման ներքո:
Գետաշենի հողերից ավազակոպճային խառնուրդ հանել-վաճառելու վերաբերյալ կազմած նյութերի հիման վրա ՊԵԿ-ի քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել։