Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացության հրապարակման փոխարեն այսօր քննվեց նրա կալանավորման փոփոխման հարցը:
Հովսեփյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է և նիստին չէր ներկայացել: Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդության մեջ որպես նոր հանգամանք նշեց Հովսեփյանի առողջական վիճակի վատթարացումը:
Ըստ նրա՝ այն բանից հետո, երբ որոշում է կայացվել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակել, Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ալեքսանյանի խոսքով՝ նրա արյան մեջ հայտնաբերվել է գլյուկոզայի ցուցիչի լրջագույն բարձրացում:
Բացի այդ, ըստ պաշտպանի՝ Հովսեփյանի մոտ նաև սրտի իշեմիկ հիվանդություն է հայտնաբերվել, և պլանավորվում է վիրահատություն։ Ալեքսանյանը միջնորդեց Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով։ Դատարանը, սակայն, արձանագրեց՝ միջնորդությունը քննարկման ենթակա չէ, քանի որ նոր հանգամանքներ առկա չեն:
Մնացական Մարտիրոսյան (դատավոր) - Դատարանն արձանագրում է, որ այդ հանգամանքները, որոնց վրա հղում է արվել, այսինքն՝ ծանր հիվանդությամբ տառապելը` ըստ պաշտպանության կողմի, հայտնի են եղել կողմին, իսկ բժշկական հետազոտությունների արդյունքում հիվանդության ի հայտ գալը կամ նոր ախտանիշներ հայտնաբերելը այնպիսի նոր հանգամանքներ չեն, որոնք այս միջնորդության ժամանակ կարող են քննության առարկա դառնալ:
Դատարանի այս որոշումից հետո պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ պնդելով, որ այս գործով դատավորը կանխակալ վերաբերմունք ունի:
Երեմ Սարգսյան (Աղվան Հովսեփյանի պաշտպան) - Վստահ եմ, որ դուք անձնական բացասական վերաբերմունք ունեք կա՛մ պարոն Հովսեփյանի, կա՛մ նրա պաշտպանների նկատմամբ, կամ չգիտեմ ինչ հարցով կաշկանդված եք, որի ուղիղ գործողությունները վկայում են ձեր այս վարքագծի մասին, հետևաբար ձեզ հայտնում եմ ինքնաբացարկ:
Մյուս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նույնպես միացավ միջնորդությանը, ապա, դիրքորոշում հայտնելուց հետո, լքեց նիստերի դահլիճը:
Էրիկ Ալեքսանյան (Աղվան Հովսեփյանի պաշտպան) - Ես շատ եմ ափսոսում, որ պետությունը ձեզ հնարավորություն է տվել էդ պատմուճանը կրելու: Ես ձեր թույլտվությունը չեմ հարցնում, դուք կարող եք սանկցիա կիրառել, ես ձեր տեսքով օրինական դատարան չեմ տեսնում, ի սկզբանե դուք ինձ համար էդտեղ որպես ֆիզիկական միավոր եք:
Դատարանը պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառեց, ապա, խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով:
Այնուհետև դատարանը քննարկեց գործով մյուս մեղադրյալ Վրեժ Մարկոսյանի մասը այս գործից անջատելու միջնորդությունը:
Հունան Բաբայան (Վրեժ Մարկոսյանի պաշտպան) - Դա բացառապես պայմանավորված է Մարկոսյանի առողջական վիճակով, որովհետև այս ընթացիկ նիստերին էլ դժվար է ներկայանում, առավել ևս` կարողանում մասնակցել նիստերին:
Այդ պատճառով պաշտպանը խնդրեց՝ կա՛մ իր պաշտպանյալի մասը անջատել, կա՛մ թույլ տալ, որ նա դատական նիստերին ներկա լինի այն չափով, որքանով իրեն վերաբերելի են:
Աղվան Հովսեփյանի պաշտպանները, սակայն, դեմ էին գործից մաս անջատելուն, պնդեցին՝ դա ազդելու է գործի լրիվության և օբյեկտիվության վրա: Դատարանը մինչդեռ հակառակ դիրքորոշման էր, բավարարեց միջնորդությունը՝ ողջամիտ ժամկետում արդարադատություն իրականացնելու պահանջից ելնելով:
Այսպիսով, Աղվան Հովսեփյանի գործը կքննվի առանձին: Հովսեփյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության, կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, մի քանի դրվագներով փողերի լվացման համար, իսկ մյուս մեղադրյալ Վրեժ Մարկոսյանը՝ խոշոր չափի վատնում կատարելու համար:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան