Թայվանի շուրջ Չինաստանի գործողությունները կարող են նպաստել տարածաշրջանի ապակայունացմանը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ-ն մշտապես և հստակ հայտարարել է, որ չի ցանկանում ճգնաժամ հրահրել։ Չինաստանը որոշել է սուր արձագանքել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին և այն օգտագործել որպես պատրվակ Թայվանի նեղուցում և դրա շուրջ սադրիչ ռազմական ակտիվության համար»,- ասել է Բլինքենը։
Չինաստանի արտգործնախարար Վան Յին իր հերթին զգուշացրել է․ Նենսի Փելոսիի այցը Թայվան Միացյալ Նահանգների համար լուրջ հետևանքներ կունենա։
«Իհարկե, մենք ստիպված ենք կոշտ արձագանքել դրան։ Այդ «գռեհիկ կատակերգությունն» ԱՄՆ-ի համար անպայման լուրջ հետևանքներ կունենա․ դրանց ամբողջ պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը»,- հայտարարել է դիվանագետը։
Միևնույն ժամանակ, Պեկինը հայտարարել է ԱՄՆ-ի հետ համագործակցության ութ մեխանիզմների ժամանակավոր դադարեցման կամ չեղարկման մասին՝ Փելոսիի Թայվան կատարած այցի պատճառով:
Այդ մեխանիզմներից են ԱՄՆ-ի հետ երկխոսությունը տարածաշրջանային ռազմական հրամանատարությունների մակարդակով, ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումները, ծովում անվտանգության ապահովման մեխանիզմները և այլն։