Քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակը, որ հանրության շրջանում հայտնի է «Բանվորի արձան» անունով, հնարավոր է շուտով կրկին իր տեղը գտնի մայրաքաղաքի որևէ հատվածում:
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը և Ազգային պատկերասրահը քանդակի վերականգնման հարցի շուրջ հանրային քննարկում էին նախաձեռնել: Քննարկմանը ներկա էին ճարտարապետներ և քանդակագործներ, որոնք ներդրում կունենան արձանը վերակառուցելու հարցում:
Մարինա Հակոբյան (Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն) - Տարբերակը հիմնականում երկուսն է, մեկը՝ լիարժեք վերականգնումը, մյուսը՝ վերականգնումը որպես արվեստի օբյեկտ, ինստալյացիա, ժամանակակից տարբերակով ավելի, որը իրենով հենց կխորհրդանշի վանդալիզմի դեմ պայքարը:
Քանդակը մասնատվել ու ապամոնտաժվել էր 1997 թվականին. շուրջ երկու տասնամյակ գտնվելու վայրն անհայտ էր: 2021 թվականից նախարարությունը փորձել է հայտնաբերել այն. առանձին մասերը գտնվել են, և այս պահին ժամանակավորապես ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Ամբողջական արձանից պահպանվել են իրարից անջատված գլուխը, ձեռքերը, բռունցքը, ոտքերը, կոշիկն ու իրանը։
Ալֆրեդ Քոչարյան (ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ) - Մենք նպատակահարմար ենք գտնում, որ առնվազն էն քաղաքի հատվածում լինի, որտեղ հենց իրա պատմական վայրն է, այսինքն՝ կախված՝ ինչ տեսքով նա կվերականգնվի, կա՛մ կլինի հենց այնտեղ, որտեղ կար, կա՛մ եթե ընտրենք տարբերակ, որ ինստալյացիայի տեսքով լինի, հնարավոր ա հարակից ինչ-որ շրջանում:
Քանդակագործի դուստրն ասում է՝ ճիշտ կլինի քանդակը կրկին նույն տեղում լինի՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որովհետև մարդկանց հիշողություններում էլ դեռ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակը պահպանվում է որպես «Բանվորի արձանի» տարածք:
Սուսաննա Հարությունյան (Արա Հարությունյանի դուստր) - Մարդիկ պայմանավորվում են նույն տեղում՝ ասելով, որ եկեք Բանվորի հուշարձանի մոտ գանք, բայց Բանվորը չկա:
Տարածքի վերաբերյալ քննարկումները նախարարությունը կամփոփի առաջարկները ստանալուց հետո: Իսկ թե ով կստանձնի Արա Հարությունյանի հեղինակած երբեմնի հանրահայտ արձանի վերականգնումը՝ կորոշվի առաջիկայում հայտարարվելիք մրցույթում:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան