Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի առանձնազրույցը տևել է ավելի քան չորս ժամ:
Հանդիպման հրապարակային մասում Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ բանակցությունները կարող են «նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում»։
Պուտինն իր հերթին ընդգծել է «Թուրքական հոսք» նախաձեռնության կարևորության մասին։ ՌԴ ղեկավարը «Թուրքական հոսքն» անվանել է Եվրոպային Ռուսաստանից գազ մատակարարելու կարևորագույն զարկերակներից մեկը, ինչի համար, ըստ Պուտինի, տարածաշրջանի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Անկարային։ Կրեմլի ղեկավարը շեշտել է, որ Թուրքիան իր տարածքում սպառման համար մեծ քանակությամբ նավթ, գազ և ածուխ է ստանում Ռուսաստանից։
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների հարցը լուծելու համար։ Նա հույս է հայտնել, որ կստորագրվի առևտրատնտեսական կապերի զարգացման հուշագիրը։
Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ «Թուրքիան ու Ռուսաստանը մեծ ներդրում են ունեցել իրադրության կարգավորման գործում»,- խոսելով Սիրիայի մասին՝ նշել է Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է: