Օգոստոսի 4-ին անհայտ կրոնական արմատական ակտիվիստները հարձակվել և շրջափակել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը: Նրանք ներխուժել են դեսպանության շենք և ավերածություններ գործել ներսում:
Հարձակվողներն իջեցրել են Ադրբեջանի դրոշն ու իրենց դրոշներն ու կրոնական պաստառներ կախել: Ադրբեջանցի դիվանագետներին տարհանել են բրիտանական ոստիկանության աշխատակիցները: Իրավապահները կարողացել են շենք ներխուժած ակտիվիստներին դուրս հանել և ձերբակալել:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ դատապարտել է տեղի ունեցածը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Մահդիի ծառաների միություն» անունով շիա ծայրահեղական կազմակերպությունը: Միացյալ Թագավորության տարածքում գործող կազմակերպության կայքը որպես իր գործունեության նպատակ հայտարարել է շիա քաղաքակրթության գերիշխանությունն աշխարհում: Որոշ աղբյուրների տվյալով՝ կրոնական ակտիվիստները նման ակցիայով պատասխանել են Ադրբեջանի տարածքում շիա մահմեդական կրոնական գործիչների հանդեպ ճնշումներին: