Հռիփսիմե Հարությունյան (Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի տնօրեն) - Ոչ մի օր մենք չենք դադարեցրել աշխատանքը:
Այս տարվա մայիսի 1-ից Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի գույքը, անձնակազմն ու երեխաները տեղափոխվել են այլ շենք:
Հռիփսիմե Հարությունյան - Սա մեր համայնքի մշակույթի տունն է, որտեղ մենք ունենք արվեստի դպրոց, երաժշտական դպրոց:
Արդեն նաև միջնակարգ դպրոցն է այստեղ՝ տարրական 7 դասարանի համար: Առավոտյան սովորում են հանրակրթական առարկաներ, երեկոյան՝ երաժշտական:
Հռիփսիմե Հարությունյան - Երկար տարիներ ենք մենք աշխատել հին շենքում, վատ պայմաններում, իսկ հիմա ունենք հնարավորություն նոր շենքում, նոր պայմաններում բարձրորակ կրթություն տալու:
Միջին և ավագ դասարանի աշակերտները սեպտեմբերից կսովորեն հարևան Տափերականի դպրոցում՝ մինչև իրենցը կառուցվի: Տարածքային զարգացման հիմնադրամը 4-րդ կարգի վթարային դպրոցի շենքն արդեն ապամոնտաժել է, նույն տեղում կառուցում է նորը՝ ժամանակակից պայմաններով, 9 բալ սեյսմակայունությամբ:
Նորիկ Դավթյան (աշխղեկ) - Այ, էս տեսքն է ունենալու, տեսեք: Նախատեսված է երեսպատում բազալտի սալիկներով, արտաքին բոլոր պատերը ջերմամեկուսացվում է:
Դպրոցը ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի դաշտեր ու վազքուղի, փակ սպորտդահլիճ կունենա, ռազմական պատրաստության գոտի՝ տիր կրակելու համար:
Նորիկ Դավթյան - Բաղկացած է 8 մասնաշենքից, ուսումնական սենյակների մակերեսը 1338 քառ. մ, այսինքն՝ 1 աշակերտին մոտավորապես 14 քառ. մ տարածք է հասնում:
Հենաշարժողական խնդիրներով երեխաների համար հարմարավետ դպրոցը կկառուցվի շուրջ 2 տարում, տարածքի մոտ 50 տոկոսը կանաչապատվելու է:
Հայկ Գալստյան (ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համակարգող) - Նախագծային հզորությունը 432 աշակերտի համար է, բայց իրականում կրթական չափորոշիչների համատեքստում այնտեղ կարող է սովորել 650 աշակերտ:
Սա միակ դպրոցը չէ, որ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցվում է:
Հայկ Գալստյան - Ծրագրի, կարելի է ասել, 30-րդ դպրոցն է, էն համատեքստում, որ 7-ը մենք ավարտել ենք, 23-ը ներկայումս գտնվում է շինարարության մեջ:
Մինչև 2026-ը ծրագրով նախատեսված է 46 դպրոց կառուցել կամ ամրացնել: 7-ն արդեն հանձնվել է շահագործման, 23-ի շինարարությունն ընթացքի մեջ է: